Սիրիայում իսլամիստական խմբավորումը կոչ է արել ոչնչացնել մյուս զինյալներին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական արմատական խմբավորումը կոչ է արել իր անդամներին ոչնչացնել «արդարացված թիրախին»՝ Սիրիայում պատերազմող մյուս բոլոր զինյալներին։

Սիրիայի զինյալներ

Սիրիայի զինյալներ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, նման կոչով հանդես է եկել խմբավորման ներկայացուցիչ Աբու Մուհամադ ալ-Ադնանին՝ ընդգծելով, որ Սիրիայի Ազգային կոալիցիան «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» պատերազմ է հայտարարել, ուստի իրենք էլ ի պատասխան հետապնդելու են այն զինյալներին, ովքեր ընդգրկված են կոալիցիայի կազմում։

Նշենք, որ հունվարի առաջին օրերից ի վեր Սիրիայի հյուսիսում և արևելքում զինված բախումներ են գրանցվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ու զինյալների մի շարք այլ խմբավորումների միջև։ Իրենց ընդդիմադիր համարող խմբավորումները միավորվել էին և դուրս բերել արմատական իսլամիստներին Հալեպի շրջանի Իդլիբ և Համա գավառներից։ Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերին Սիրիայի ընդդիմության ներսում առկա հակամարտության զոհ են դարձել 120 հոգի։

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական արմատական խմբավորումը հիմնել են «ալ Կաիդայի» իրաքյան ճյուղի անդամները։ Խմբավորման նպատակն է ներկայիս Սիրիայի և Իրաքի տարածքում ստեղծել նոր իսլամական պետություն։ 2013-ի գարնանը խմբավորումը սկսել է մասնակցել Սիրիայի քաղաքացիական պատերազմին։ Այնուհանդերձ, Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների մեծ մասը դեմ է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գործունեությանը՝ մեղադրելով վերջինիս զինյալների հսկողության տարածքներում խաղաղ բնակչության նկատմամբ բռնության և ահաբեկչության համար։

Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011-ից և  չի լուծվում մինչ օրս։ Կառավարական զորքերի ու զինյալների խմբավորումների բախումների հետևանքով մահացել է 120-140 հազար, փախստական է դարձել շուրջ 2 մլն մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *