Ճապոնիան Թուրքիային է փոխանցել Türksat 4А կապի արբանյակը, որն առաջիկայում տիեզերք կարձակվի։ Հունվարի 7-ին Ճապոնիայում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ արբանյակը հանձնվել է թուրքական կողմին։ Արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի համար արբանյակը պատրաստել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, աշխատանքներին մասնակցել են նաև թուրք մասնագետները։ Արբանյակի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2011 թվականին։
Սպասվում է, որ Türksat 4А-ն տիեզերք կարձակվի փետրվարի 15-ին Ղազախստանից։ Արբանյակը տիեզերք է դուրս բերվելու ռուսական Պրոտոն-Մ հրթիռ-կրիչով, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հայտնի չէ, թե արդյոք այս արբանյակը ևս ռազմական նշանակությամբ է կիրառվելու։
Ներկայում ճապոնական կողմի հետ շարունակվում է Türksat 4B արբանյակի կառուցումը, որը կարող է տիեզերք արձակվել 2014 թվականի ընթացքում։
Թուրքիան իր առաջին հետախուզական արբանյակը՝ Rasat-ը, ուղեծիր է դուրս բերել 2011 թվականին։ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել է «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունվարի 6-11 | Թուրքագիտական պորտալ