Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ 2013-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանագիր է ստորագրել՝ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար նշանակելով փոխգնդապետ Վագիֆ Դարգահլըին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հունվարի 6-ին հաստատել է տեղեկությունը։
Հունվարի 7-ին մամուլի ծառայության նորանշանակ ղեկավարը լրատվամիջոցներին մեկնաբանել է իր նշանակման փաստը՝ շեշտելով, որ արդեն ստանձնել է իր պարտավորությունները, աշխատելու է «մամուլի հետ փոխըմբռնման սկզբունքի հիման վրա՝ միևնույն ժամանակ պահպանելով ռազմական և պետական գաղտնիքները»։
Նշենք, որ այս պահի դրությամբ Դարգահլըի մասին քիչ է հայտնի։
Վագիֆ Դարգահլըն ծնվել է Բաքվում 1969-ին, 1991-ին ընդունվել է Լվովի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարան, ավարտել ռազմական լրագրության բաժինը։ 1992-ից ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊՆ քարտուղարությունում և տեղեկատվական վարչությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության նախկին ղեկավար Էլդար Սաբիրօղլուն դեռևս հոկտեմբերի 28-ին հաստատել էր իր պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվող լուրերը , իսկ պաշտոնանկության հրամանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 11-ին։