Միացյալ Նահանգները հայտնել է, որ փետրվարին Հարավային Կորեայում հավելյալ զորախումբ է տեղակայելու։
Պենտագոնը Հարավային Կորեա է ուղարկելու 800 զինծառայող, ինչպես նաև զրահամեքենաներ ու տանկեր։ Նոր ուժերը տեղակայվելու են Հյուսիսային Կորեայի սահմանի մոտակայքի ամերիկյան ռազմակայաններում 9 ամիս ժամկետով։
Պենտագոնում նշել են, թե նոր ուժերի տեղակայումը Կորեայի Հանրապեությունում վաղուց էր նախատեսված, տեղեկացնում է AFP լրատվական գործակալությունը։
Վերջին շրջանում էլ ավելի է հաճախացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ռազմատենչ հռետորաբանությունը, ով սպառնում է ոչ միայն հարևան Հարավային Կորեային, այլ նաև ԱՄՆ-ին։ Թեև ԿԺԴՀ կոչերի ճնշող մեծամասնություններն այդպես էլ մնում են անկատար, սակայն Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շարունակում են պատրաստվել հնարավոր ռազմական հակամարտությանը։
Նշենք, որ ներկայում Հարավային Կորեայում տեղակայված է 28500 հոգանոց ամերիկյան զորախումբ, որը պաշտպանում է հարավկորեացիներին ԿԺԴՀ հնարավոր ներխուժումից։
Հավելենք, որ Կորեայի թերակղզում լարվածությունը պահպանվում է 1950-53 թվականների Կորեական պատերազմից հետո։