Հնդկաստանի Չանդիպուր զորավարժարանում հունվարի 7-ին արձակվել է Փրիթհվի II բալիստիկ հրթիռը, որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկ: Հրթիռի արձակումն իրականացվել է Հնդկաստանի միջուկային հատուկ ստորաբաժանման հրամանատարության կողմից:
Փրիթհվի II-ի արձակմանը հետևել են նաև Հնդկաստանի ՊՆ «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» (անգլ.` DRDO) գործակալության գիտնականները: Այս մասին հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը:
Փրիթհվի II-ը մակերևույթ-մակերևույթ դասի հրթիռ է, որն աշխատում է հեղուկ վառելիքով: Այն ունակ է 500-ից 1000 կգ զանգված ունեցող մարտագլխիկը հասցնել մինչև 350 կմ հեռավորության վրա: DRDO գործակալությունը նախագծել է Փրիթհվի II-ը կառավարվող հրթիռային սպառազինության ստեղծման պետական ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ սա Հնդկաստանի առաջին ձեռքբերումը չէ բալիստիկ հրթիռային սպառազինության զարգացման ոլորտում: Դեկտեմբերի 25-ին Բենգալյան ծոցի Ուիլեր կղզուց Հնդկաստանը հաջողությամբ արձակեց Ագնի 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը ևս կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Հավելենք նաև, որ Հնդկաստանի կողմից ընդհանուր առմամբ նախագծվել և հաջողությամբ փորձարկվել է Ագնի դասի հրթիռների 5 տարբերակ: