Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) փորձագետները վերլուծել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԶՈՒ-ի հնարավորությունները: Իրանը սկսել է իր համար նավեր արտադրել, իսկ Վենեսուելան Իրանից ակնկալում է անօդաչու թռչող սարքերի մատակարարում: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` վերջին 10 տարիներին ամերիկյան բանակում ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է:
- IISS-ի զեկույցում նշվում է. «Թեև հայկական ռազմական դոկտրինը մեծապես կրում է ռուսական մտածողության ազդեցությունը, սակայն Աֆղանստանում գտնվող միջազգային կոալիցիային ցուցաբերած աջակցությունը նպաստում են, որպեսզի հայ զինվորականները դասեր քաղեն նաեւ ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ համագործակցությունից: … Իսկ պրոֆեսիոնալ զինվորականնների թիվը բանակի ներսում գնալով աճում է»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանակին` նշվում է, որ դեռ անհրաժեշտ է հաջող անցում կատարել խորհրդային մոդելից, իսկ այդ պետության սպառազինության ավելացումը դեռ զգալի ազդեցություն չի գործել Ադրբեջանի ԶՈՒ մարտունակության վրա: Իսկ Վրաստանում քայլեր են ձեռնարկվում քառամյա պայմանագրով ծառայող զինվորականների թվի ավելացման համար, ինչը կնպաստի զինված ուժերի մասնագիտացմանը:
- ABC հեռուստաալիքի տեղեկություններով` 2001թ.-ի հունվարից սկսած ամերիկյան բանակում տեղի է ունեցել 2,293 ինքնասպանություն: Համեմատության համար նշվում է, որ այդ տարիներին Աֆղանստանում և Իրաքում վարած պատերազմի ժամանակ զոհվել է 6,139 զինվորական:
- Հս. Կորեայի պաշտոնական մամուլը գրում է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Կորեական թերակղզու հարավում` միջազգային իրավական նորմերի տեսակետից ապօրինի է: Հս. Կորեան բազմիցս դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ-Հվ. Կորեա համատեղ զորավարժություններին` դրանք որակելով «պատերազմի լուռ կոչ»:
- Իսրայելական Մոսսադ հետախուզական ծառայությունը հայտնել է «Թուրքիայի իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողությունների մասին, որոնք իրականացվելու են Իրանից Թուրքիա անցած «Կուդս» ստորաբաժանման աշխատակիցների կողմից»:
- Ճապոնիայի կառավարությունը իր պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաին կգործուղի ԱՄՆ` պահանջելու, որ ամերիկյան կողմը կատարի իր պարտավորությունները F-35 կործանիչների առաքման ժամկետների ու գների հարցում, որոնց առաքումը ուշանում է, իսկ գները գնալով բարձրանում են:
Իրանը օվկիանոսային նավերի արտադրություն է սկսել` մեկ նավի կառուցմանը հատկացնելով 100 մլն դոլար. նախատեսվում է կառուցել 5 օվկիանոսային նավ: Իսկ վենեսուելական բանակի համար Իրանը կարտադրի անօդաչու թռչող սարքեր. այս քայլը ԱՄՆ-ն որակել է իր թիկունքում իրականացվող գործողություն: