Ալ Ջազիրա. Ալ Քաիդայի զինյալները 50 պատանդ են սպանել Սիրիայում

Հալեպ քաղաքում մահապատժի ենթարկվածների թվում են լրագրողներ, մարդասիրական առաքելությունների աշխատակիցներ, խաղաղ բնակիչներ։ «Սիրիայի լրագրողների ասոցացիա» կազմակերպությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցները զոհերի թվում ճանաչել են «Շադա ալ-Խարիա» սիրիական հեռուստաընկերության դեռևս դեկտեմբերին առևանգված 4 աշխատակիցների։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Մահապատիժներն իրականցրել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները, որոնք կապված են Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ։

Այս մասին արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել են սիրիական «Տեղական կոորդիանցնող կոմիտեներ» ընդդիմադիր խմբավորման անդամները, որոնք հետևում են ընդդիմադիր ուժերի միջև բախումներին։ Իսկ «Լիվա-աթ-Թաուհիդ» ընդդիմադիր խմբավորման անդամները հայտնել են, որ առնվազն 20 դի են տեսել։

Սիրիայի հյուսիսում ու արևելքում գործող զինյալ խմբավորումների միջև բախումները սկսվել են հունվարի սկզբից։ Պատճառներից մեկն այն էր, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» խմբավորումը ահաբեկչություններ էր իրականացրել գրաված տարածքների խաղաղ բնակչության նկատմամբ։ Թեև սիրիական ընդդիմադիր խմբավորումները կարողացան համախմբվել ու Հալեպ, Իդլիբ ու Համա քաղաքներից դուրս մղել «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը, սակայն մարտերը շարունակվում են։

Բախումների արդյունքում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը կորցրել է 34 զինյալ, հակառակ կողմի կորուստների մասին տեղեկություններ չեն եղել։ Ընդհանուր առմամբ ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում վերջին օրերին շուրջ 120 մարդ է զոհվել։

Հավելենք, որ վերջին օրերս նույն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորման անդամները նաև գրավել են Իրաքի Ֆալուջա ու Ռամադի քաղաքները։ Իրաքի կառավարական զորքերն առայժմ ապարդյուն փորձում են դուրս մղել զինյալներին զբաղեցրած դիրքերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *