Ռուսաստանում շուրջ 2000 ռազմական օբյեկտ կհամալրվի թվային կապի միջոցներով

ՌԴ զինված ուժերում շարունակվում է ռազմական օբյեկտների և ստորաբաժանումների միջև թվային կապի համակարգերի ներդրումը: ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մինչև 2020 թվական նախատեսվում է թվային կապով ապահովել ավելի քան 2000 ռազմական օբյեկտ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ՌԴ ԶՈւ թվային կապի օպերատոր

ՌԴ ԶՈւ թվային կապի օպերատոր

Ռուսաստանի զինվորական գերատեսչությունից հայտնել են նաև, որ այս պահի դրությամբ կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև զորքերի կառավարման թվային միջոցներով ապահովված է զինված ուժերի շուրջ 1000 օբյեկտ, որոնցից 190-ը տեխնիկական համալրում են ստացել 2013-ի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2008-ի վրաց-ռուսական պատերազմը վերհանեց ռուսական բանակի միջին և փոքր ստորաբաժանումների միջև կապի ապահովման թերություններն, ինչն ուղղակիորեն ազդեց զորքերի կառավարման օպերատիվության վրա:

2009-ից ՌԴ ԶՈւ-ում մեկնարկեց կապի հանգույցների և զորքերի կառավարման օպերատիվ կենտրոնների հեռահաղորդակցության թվային սարքավորումների համալրման գործընթացը: Թվային նոր համակարգերը հնարավորություն են տալու ապահովել կոդավորված փակ կապ, ձայնա- և տեսահեռարձակում, ինչի շնորհիվ հրամանատարական կետերում կարող են իրական ժամանակում հետևել մարտի ընթացքին, տեղեկություններ ստանալ անմիջապես զինվորների սաղավարտին կամ ռազմական տեխնիկային ամրացված տեսախցիկներից:

Տեխնիկական համալրման շրջանակներում զորքերի կառավարման կենտրոնների միջև ստեղծվում է նաև հեռահաղորդակցության թվային միասնական ցանց, որի օգտագործումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել զորքերի կառավարման օպերատիվության աստիճանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *