Իրաքի Ֆալուջա քաղաքում կառավարական զորքի և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորման միջև բախման պատճառով առնվազն 12 զինծառայող ու 22 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 58 մարդ վիրավորվել է։ Զինյալների կորուստների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաև մարտերի արդյունքը։
«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության տարածաշրջանային խմբավորում համարվող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալները հունվարի 2-ից իրենց հսկողության տակ են պահում Իրաքի Անբար նահանգի Ֆալուջա քաղաքի մեծ մասն ու Ռամադի քաղաքի որոշ թաղամասեր։ Զինյալները քաղաքներում բարձրացրել են իրենց դրոշն ու անկախություն հռչակել։
Թեպետ հունվարի 3-ին ու 4-ին Ռամադի քաղաքում ըստ պաշտոնական տվյալների կառավարական ուժերը ոչնչացրել էին շուրջ 120 զինյալ, սակայն վերջիններս չէին նահանջել։ Կառավարական զորքը կորցրել էր 8 զինծառայող։
Հաջորդ օրն Իրաքի վարչապետ Նուրի ալՄալիքին հայտնել էր, որ կառավարական զորքերը պատրաստվում են լայնածավալ գործողություններ իրականացնել Ֆալուջայում ու Ռամադիում։ Նա նաև խնդրել էր տեղի բնակչությանն աջակցել կառավարական զորքին ու դուրս քշել զինյալներին։
Նշենք, որ զինյալների դեմ պայքարում Իրաքի կառավարությանն աջակցություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Իր խոսքով Վաշինգթոնը պատրաստ է օգնել Իրաքի կառավարությանը, սակայն չի նախատեսում զորք ուղարկել Իրաք՝ պատճառաբանելով, որ ահաբեկիչների դեմ պայքարը Իրաքի ներքին խնդիրն է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ անընդունելի է համարում զինված բախումները կառավարության ու զինյալների միջև ու խնդրի լուծումը տեսնում է քաղաքական երկխոսության ու հաշտության մեջ։
Իրաքի կառավարությանն իր օգնությունն է առաջարկել Իրանը։ Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մուհամմեդ Գեջազին հայտարարել է, որ Իրաքն իրենց բարեկամն է, և Իրանը պատրաստ է Իրաքին օգնել Ալ-Քաիդայի ահաբեկիչների դեմ պայքարում՝ անգամ զենք մատակարարելով Իրաքի իշխանություններին։ Այս փաստը նշանակալի է նրանով, որ Իրաքում կառավարական զորքերի դեմ կռվող զինյալները մուսուլմանական սուննի ուղղությանն են պատկանում, իսկ Իրանի, ինչպես նաև Իրաքի իշխանությունները առավելապես շիաներ են։
Հիշեցնենք, որ Իրաքի արևմտյան Անբար նահանգում, որի տարածքում են Ֆալուջա ու Ռամադի քաղաքները, իրավիճակը սրվել է դեռևս 2013-ի դեկտեմբերից։ Դեկտեմբերի 30-ին կառավարական ուժերը ցրել են Ռամադի քաղաքում տեղակայված մշտական վրանային ճամբարը, որտեղ հավաքված սուննի մուսուլմանները բողոքում էին կառավարության դեմ։ Նրանք հայտարարում էին, որ իբր վարչապետ Նուրի ալՄալիքիի գլխավորությամբ շիա մուսուլմանները սեփականացրել են իշխանությունը ու հաշվի չեն առնում սուննիներին։ Բախումների ընթացքում զոհվել էր 11 մարդ։
Որոշ աղբյուրների համաձայն՝ երկրի կառավարության հեղինակությունը բավական ցածր է Անբար նահանգում, ինչից օգտվելով՝ Ալ-Քաիդայի զինյալները փորձում են ամրապնդել իրենց դիրքերն այդ նահանգում՝ փորձելով կապ հաստատել սահմանակից Սիրիայում գործող իրենց համակիրների հետ։