Չեխիան ամերիկյան ընկերությանն ինքնաթիռներ կվաճառի

Չեխիայի կառավարությունը համաձայնել է ամերիկյան Draken International ընկերությանը չեխական օդուժի սպառազինությունից 28 L-159A Alka ուսումնամարտական ինքնաթիռ վաճառել։

Լ-159Ա ինքնաթիռը. Չեխիայի ՌՕՈւ

Լ-159Ա ինքնաթիռը. Չեխիայի ՌՕՈւ

Բանակցություններին մասնակցել է նաև չեխական Aero Vodochody Aerospace ընկերությունը, որն էլ արտադրում է այդ ինքնաթիռները։

Չեխիայի կառավարությունը զինուժի արդեն հնացած համարվող ինքնաթիռների վաճառքը հաստատել է 2014 թվականի հունվարի 2-ին: Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կկնքեն հունվարի վերջին, իսկ ինքնաթիռներն ամերիկյան ընկերությանը կհատկացվեն մինչ այս տարվա վերջ, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Գործարքի արժեքը կարող է կազմվել 21.72-25.8 մլն ամերիկյան դոլար` կախված ինքնաթիռների տեխնիկական վիճակից: Ինքնաթիռներից 4-ը կհատկացվեն որպես պահեստամաս:
L-159A մեկտեղանի ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունը 936 կմ/ժ է։ Ինքնաթիռն ունի 7 կախոց «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռների համար։ Ինքնաթիռների վրա տեղադրված են նաև Գրիֆո-Լ ռադիոտեղորոշման կայաններ։

Ամերիկյան Draken International ընկերությունը վարձույթով մարտական, ուսումնական ինքնաթիռներ է տալիս ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Ընկերությունը զբաղվում է նաև հնացած ավիատեխնիկայի գնումներով։

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին Draken International ընկերությունը Լեհաստանից գնեց 25 միավոր ՄիԳ-21 կործանիչ։ Այս կործանիչները համալրել են խորհրդային արտադրության ՄիԳ-21ՈւՄ և ՄիԳ-21բիս ինքնաթիռների շարքը: Ինքնաթիռների այս խմբաքանակն օգտագործվելու է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից. զորավարժությունների ժամանակ կատարելու է պայմանական հակառակորդի դեր։ Այն օգտագործվելու է նաև փորձարկող օդաչուների դպրոցներում։
Այս պահին ընկերության կազմում կա 50 միավոր թռչող սարք կա, որոնց թվում են A-4K Skyhawk գրոհիչներ, MB-339CB և L-39 Albatros ուսումնական ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *