Իրաք է ժամանել Ռուսաստանից գնված Մի-28ՆԷ ուղղաթիռների երկրորդ խմբաքանակը: «Գիշերային որսորդների» երկրորդ խմբաքանակը, որը կազմված է 13 ուղղաթիռներից, արդեն հասել է իրաքյան Բասրա քաղաք:
Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ ադ Դորքին: Վերջինս նշել է, թե նախատեսում են ուղղաթիռները հնարավորինս արագ ներգրավվել ահաբեկչության դեմ պայքարում:
Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի, որով նախատեսվում է 4,3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:
Մի-28ՆԷ-ն Մի-28Ն (Նոչնոյ Օխոտնիկ) ուղղաթիռի արտահանման տարբերակն է: Մի-28Ն ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին:
Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ:
Ուղղաթիռը զինված է 30 մմ 2Ա42 թնդանոթով, ունի սպառազինության կախման 4 կետ, որից յուրաքանչյուրի վրա կախվում է 20-ական Ս-8 չկառավարվող հրթիռ։ Սպառազինության մեջ են նաև 16 «Ատակա-Բ» հակատանկային կառավարվող հրթիռներ ու 16 Իգլա-Բ «օդ-օդ» հրթիռներ։
Ուղղաթիռի 1 միավորի արժեքը 15-16 մլն ԱՄՆ դոլար է։