Խոշոր կոռուպցիոն սկանդալ Հունաստանի զինված ուժերում

Հունաստանում ֆինանսական վերահսկողության պետական ծառայության իրականացրած ստուգումները հանգեցրել են սպառազինության գնումների հետ կապված կոռուպցիոն խոշոր սկանդալի։ Հունաստանի ՊՆ սպառազինության վարչության պետի նախկին տեղակալ Անտոնիոս Քադասն իրավապահ մարմիններին խոստովանել է, որ ստացել է բազմամիլիոնանոց կաշառք և անվանել է ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր կաշառել են պետական պաշտոնյաներին։

Այս մասին հաղորդում է հունական greek reporter լրատվական կայքը։

Հունաստանի կառավարությունը դեպքի առընչությամբ արդեն հայտարարություն է արել և վստահեցրել, որ հետաքննությունը տարվելու է մինչև վերջ։ Պաշտպանության նախարարն, իր հերթին, հայտարարել է սպառազինության գնումների մեխանիզմի փոփոխության մասին։

Կոռուպցիոն սկանդալի նոր բացահայտումների արդյունքում ձերբակալվել են գերմանական ընկերությունների երկու ներկայացուցիչ, ևս տասնյակ մարդ կարող է ձերբակալվել։ Այժմ իրավապահ մարմինները ստուգում են կասկածյալների արտասահմանյան բանկային հաշիվները։

Հիշեցնենք, որ Հունաստանի զինված ուժերում կոռուպցիոն սկանդալը վերաբերում է 1996-ից 2002 թվականներին գնված սպառազինությանը։ Այս ժամանակահատվածում երկրի ՊՆ Ակիս Ծոխաձոպուլոսը հարկային հայտարարագրերի անճշտությունների համար 2013-ի ապրիլին դատապարտվել է 8 տարի ազատազրկման։ Նույն տարվա հոկտեմբերին դատարանը, վերանայելով իր որոշումը, Ծոխաձոպուլոսին մեղավոր ճանաչեց նաև կաշառք վերցնելու մեջ, ինչի արդյունքում ազատազրկման չափը սահմանվեց 20 տարի։

Հավելենք նաև, որ նախնական տվյալներով` Հունաստանի պաշտպանական գերատեսչության  16 պաշտոնյա ստացել է շուրջ 55 միլիոն եվրո կաշառք՝ սպառազինության գնումների հարցում նախապատվությունը հստակ ընկերությունների տալու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *