Իրաքի հատուկ ուժերը պատրաստվում են ազատագրել ահաբեկիչների գրաված Ֆալուջա քաղաքը

Իրաքի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ահաբեկիչների գրաված Ֆալուջա քաղաքի ազատագրման մեծամասշտաբ գործողություններ են պատրաստում։

Իրաքի կենտրոնական հատվածի Ֆալուջայի մեծ մասն ու Ռամադի քաղաքի որոշ թաղամասեր հունվարի 2-ին գրավել են ալ Կաիդայի հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները։ Նրանք իրենց դրոշն են բարձրացրել Ֆալուջայում ու հռչակել են անկախ հանրապետություն։ Քաղաքների շուրջ 300 հազար բնակչությունը հայտնվել է գերության մեջ։

Ալ-Քաիադայի իրաքցի զինյալները վերահսկողության տակ են պահում Ֆալուջա քաղաքը

Հունվարի 4-ին իրաքյան հատուկ ուժերն արդեն կատարել են հակաահաբեկչական որոշ գործողություններ։ Գործողությունների արդյունքում կառավարական ուժերը սպանել են 55 զինյալ, որոնցից 25-ը սպանվել են ոստիկանության ու հատուկ նշանակության զորքերի գործողությունների արդյունքում, իսկ ևս 30-ը սպանվել են Իրաքի ռազմաօդային ուժերի հարվածներից։

Այլ տվյալներով սպանված զինյալների թիվը հասնում է 62-ի, իսկ հունվարի 3-ին սպանվել է ևս 75 զինյալ։ Գործողությունների արդյունքում կառավարական զորքերը կորցրել են 8 զինծառայող։ Բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ չկան։

Իրաքի վարչապետ Նուրի ալՄալիքին հայտարարել է, որ իրաքյան կառավարական ուժերը նախատեսում են ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք Անբար շրջանում են, որի կազմում են նաև Ֆալուջա ու Ռամադի քաղաքները։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեպքերի առնչությամբ հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ պայքարն Իրաքի իշխանությունների ներքին խնդիրն է, ու թեև ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել Իրաքին, բայց չի պատրաստվում զինված ստորաբաժանումներ ուղարկել Իրաք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *