Սիրիայում առևանգել են միջազգային կազմակերպության 5 աշխատակցի

Սիրիայում առևանգել են  «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպության 5 անդամների: Ըստ կազմակերպության հայտարարության` բժիշկներին առևանգել են հունվարի 2-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում:

Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Խումբը, որ բժիշկներին տանում է բախումների վայրեր, ասել է, թե կազմակերպության կամավորներին ենթադրաբար տարել են  հարցաքննելու համար:

Միջազգային կազմակերպությունում հայտարարել են, որ փորձում են կապ հաստատել առևանգված աշխատակիցների հետ: Բայց թե ովքեր են առևանգված բժիշկները, դեռևս չի նշվում:

Տեղեկացնենք, որ Սիրիայում սա առաջին դեպքը չէ, երբ գողանում են միջազգային մարդասիրական կազմակերպությունների անդամներին: 2013 թվականի հոկտեմբերին Իդլիբի շրջանում առևանգել էին Կարմիր խաչի 6, ինչպես նաև սիրիական Կարմիր մահիկի 1 աշխատակցի:

Իսկ ավելի վաղ`սեպտեմբերին, «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կայքում հրապարակվել էր, որ Հալեպում սպանվել է MSF-ի մեկ կամավոր:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության կամավորներն աշխատում են Սիրիայում 2009 թվականից:

Երկրի հյուսիսում գործում է ավելի քան 10 բժշկական կենտրոն, որտեղ էլ աշխատում են MSF-ի կամավորները:
Կամավոր բժիշկներն աշխատում են նաև այն շրջաններում, որոնք ապստամբների հսկողության տակ են, ինչպես նաև շարժական հոսպիտալներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *