Լիբանանում ձերբակալել են Իրանի դեսպանատան մոտ իրականացրած ահաբեկչության կազմակերպչին

Լիբանանի իշխանությունները հայտարարել են 2013-ի նոյեմբերին Իրանի դեսպանատան մոտ երկու խոշոր պայթյունների պատասխանատու «Աբդուլլահ Ազզամի բրիգադ» սուննիական խմբավորման առաջնորդի ձերբակալության մասին:

Լուսանկար՝ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի վայրից

Լուսանկար՝ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի վայրից

Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Գոնի խոսքերով՝ ներկա դրությամբ իրավապահ մարմինները հարցաքննում են Մաջիդ ալ-Մաջիդին և վերջինիս հանցակցին: Գոնը չի հստակեցրել՝ կոնկրետ երբ է իրականացվել ձերբակալությունը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ալ-Մաջիդն ու իր հանցակիցը ձերբակալվել են Լիբանանի հարավում՝ Սիդոն քաղաքում, դեռևս 2013-ի դեկտեմբերի սկզբին:

Նշենք, որ «Աբդուլլահ Ազզամի բրիգադ» սուննիական խմբավորումը հիմնվել է 2009-ին: Ենթադրվում է, որ այն սերտ կապեր ունի «ալ Կաիդայի» հետ:
Հավելենք, որ «Աբդուլլահ Ազզամի բրիգադը» ճյուղեր ունի իսլամական տարբեր երկրներում, իսկ կենտրոնը Լիբանանում է։ Նրանք անցյալում ստանձնել են մի քանի ահաբեկչությունների պատասխանատվությունը, այդ թվում՝ 2010-ին փորձել էին պայթեցնել ճապոնական նավթային տանկերը Պարսից ծոցում։

Խմբավորումը հայտնի դարձավ 2013-ի նոյեմբերի 19-ին Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ երկու պայթյունների հետևանքով: Դրանց զոհ գնաց 23 հոգի: Խմբավորումը հայտարարել էր՝ Իրանի ու «Հըզբոլլահի» դեմ ահաբեկչությունները կշարունակվեն այնքան, մինչև Իրանը չհրաժարվի Բաշար Ասադին պաշտպանելու քաղաքականությունից։
Մինչ խմբավորման հայտարարությունը Իրանի ԱԳՆ-ն և Իրանի դեսպանը Լիբանանում ահաբեկչության պատասխանատու էին հայտարարել Իսրայելին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *