Չինաստանի «Լյաոնին» ավիակիրն ավարտել է փորձարկումները

Չինական «Լյաոնին» ավիակիրն ավարտել է փորձարկումները Հարավչինական ծովում և վերադարձել Ցինդաո նավահանգիստ: Փորձարկումների ընթացքում ավիակիրն ավելի քան 10 առաջադրանք է կատարել:

Լյաոնին ավիակիր, Չինաստանի ՌԾՈւ

Լյաոնին ավիակիր, Չինաստանի ՌԾՈւ

Հունվարի 1-ին «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ փորձարկումների նպատակն էր նավի մարտական ու շարժական հնարավորությունների ստուգումը: Մասնավորապես, փորձարկվել է փոխգործակցությունն այլ նավերի, սուզանավերի և ինքնաթիռների հետ: Փորձարկումների արդյունքների մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ «Լյաոնին» ավիակիրն ուղևորվել է Հարավչինական ծով փորձարկումների դեռևս 2013-ի նոյեմբերի վերջին: 37 օր տևած ուղևորությունն ավիակրի համար առաջին ամենատևական ուղևորությունն էր բաց ծովում:

Հիշեցնենք, որ այս ուղևորության ընթացքում է գրանցվել միջադեպը «Լյաոնինի» և ամերիկյան հածանավի միջև: Միջադեպի մասին առաջինը հայտնել են ամերիկյան զինվորականները։ Նրանց տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին «Կոուպենս» հրթիռային հածանավը գրեթե բախվելիս է եղել չինական ավիակրին:

Հավելենք, որ «Լյաոնինը» սկսել են կառուցել 1985-ին Խորհրդային Միության նավաշինարաններից մեկում։ 1992-ին ԽՍՀՄ փլուզումից հետո այն բաժին հասավ Ուկրաինային։ Ապա 1998-ին նավի կառուցումը դադարեցվեց։ Հենց 1998-ի ապրիլին Չինաստանը որպես մետաղական ջարդոն 20 մլն ԱՄՆ դոլարով գնեց նավը։ Այդ ժամանակ նավը հայտնի էր «Վարյագ» անունով։ Սկզբնական շրջանում Չինաստանը հավաստիացնում էր, որ կառավարության հանձնարարությամբ ավիակիրը վերածվելու է «լողացող խաղատան», սակայն ավելի ուշ հաղորդվեց՝ նավը կիրառվելու է ռազմական նպատակներով, ավելին՝ դրա հիմքի վրա Չինաստանը պատրաստվում է ավիակիրների սեփական սերիական արտադրությունը հիմնել:

Չինաստանը սկսել է շահագործել նավը 2012-ի սեպտեմբերին:

2013-ի դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ չինական ավիաշինական Shenyang Aircraft Corporation ձեռնարկությունը սկսել է J-15 տախտակամածային նոր կործանիչների սերիական արտադրությունը։ Դրանցով նախատեսվում է զինել «Լյաոնին» ավիակիրն ու այդ դասի այլ նավեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *