Ռուսաստանը հավանաբար կհրաժարվի ռազմավարական նշանակության «Ակուլա» սուզանավերից

«Լենտա.ռու» կայքը, հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տեղեկացնում է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը հրաժարվել են 941 նախագծի «Ակուլա» ռազմավարական նշանակության սուզանավերի արդիականացման ծրագրից։ Արդիականացումից հրաժարվելու պատճառը ֆինանսական է, մասնավորապես նշվում է, որ մեկ «Ակուլայի» արդիականացումը կարժենա նույնքան, որքան 955 նախագծի «Բորեյ» տիպի երկու նոր սուզանավի կառուցումը։

«Ակուլա» տիպի սուզանավերն աշխարհի ամենամեծ ատոմային սուզանավերն են։ Այդ սուզանավերը կրում էին 20 հատ «Ռ-39» բալիստիկ հրթիռ, որոնցից յուրաքանչյուրն ուներ 200-ական կիլոտոն հզորությամբ 10 մարտական բլոկ։ Ընդհանուր առմամբ կառուցվել էր վեց հատ սուզանավ։ 2005-2008թթ. ընթացքում սուզանավերից երեքը ոչնչացվեցին ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ, իսկ մնացած երեքի ճակատագիրը մնում էր անորոշ։ Խնդիրն այն էր, որ սուզանավերը բառացիորեն մնացել էին առանց սպառզինության. «Ռ-39» հրթիռների շահագործման ժամկետները լրացել էին, իսկ նոր նախագծվող «Ռ-39ՈՒՏՏԽ Բարկ» հրթիռի հետ կապված աշխատանքները դադարեցվել էին 1999 թվականին «Բուլավայի» օգտին։

Մնացած երեք սուզանավերից «Դմիտրի Դոնսկոյը» արդիականացվել էր «Բուլավայի» փորձարկումների համար «941ՈՒՄ» նախագծով, իսկ մյուս երկուսը` «Սևերստալը» և «Արխանգելսկը», համապատասխանաբար 2004 և 2006 թվականից կանգնած են Սևերոդվինսկի նավահանգստում։ Նախկինում խոսակցություններ կային, որ այդ նավերը ևս կարդիականցվեն «941ՈՒՄ» նախագծով և կզինվեն «Բուլավա» հրթիռներով, բայց ամենայն հավանականությամբ դրանք ևս կոչնչացվեն, իսկ արդեն արդիականացված «Դմիտրի Դոնսկոյը» հավանաբար կշարունակի օգտագործվել տարատեսակ փորձարկումների համար։

Նախկինում, դեռ 2010 թվականին Ռուսաստանի ռազմածովային ուժերի գխխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին ասել էր, որ 941 նախագծի երկու նավերը կմնան նավատորմում մինչև 2019 թվականը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *