Ադրբեջանը մարտական զոհ ունի առաջնագծում, Զաքիր Հասանովը նրան հետմահու պարգևատրել է: 2013-ին առնվազն 5 զինծառայող Ադրբեջանում մահացել է բռնության հետևանքով: Պաշտպանության նոր նախարարի հանդիպումները Թուրքիայում: Արցախյան պատերազմի վետերանի ինքնահրկիզումը։
-Ադրբեջանում՝ Մարտակերտի ուղղության առաջնագծում, դեկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական զոհ է ունեցել. զոհվել է 1995-ին ծնված զինծառայող Սարխան Վագիֆ օղլու Գասիմովը: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նրան հետմահու պարգևատրել է շքանշանով:
-Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանում՝ Աղդամի շրջանի Գուզանլը գյուղի տարածքում, ավտովթար է գրանցվել, որի պատճառով վնասվածք է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսթամ Ջաֆարովը: Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել ՃՏՊ-ն:
-Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովն անցնող տարում ստացել է կտտանքներին ու անմարդկային վերաբերմունքին առնչվող 115 բողոք, որոնցից 5-ը վերաբերում է մահվան դեպքերին, ու բոլոր 5-ն էլ գրանցվել են Ադրբեջանի զինված ուժերում։ Ադրբեջանի ՊՆ-ն 5 միջադեպերի դեպքում բռնության վարկածը չի հիշատակում:
-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանել էր Անկարա, որտեղ էլ դեկտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել։
Նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին, Թուրքիայի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջեթ Օզելին, այցելել է թուրքական TAI(Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն) ընկերություն:
-Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովը Բաքվի Սաբայիլի շրջանում բենզին է լցրել իր վրա, ապա ինքնահրկիզման փորձ կատարել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դեկտեմբերի 26-ին արդեն ի պաշտպանության նրան Բաքվում ցույց է անցկացվել: Երկրորդ ցույցը չի կայացել, քանի որ Ադրբեջանի պատկան մարմինները խոստացել են օգնել վետերանին՝ կիրառելով թեման իշխանության քարոզչության նպատակով։
-Ադրբեջանում պատրաստվում են հատուկ կանոններ ընդունել զինծառայողների հուղարկավորության վերաբերյալ՝ հետևելով Թուրքիայի օրինակին: Ադրբեջանում ներկա դրությամբ հատուկ սահմանված կանոններ չկան, մարտական ու ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դին հանձնում են ծնողներին, ՊՆ-ն չի մասնակցում վերջիններիս հուղարկավորությանը։
-Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ներկայացրել է 2013-ին իրականացված գործունեության արդյունքները, որտեղ նշվում է պետական սահմանին գրանցված մեկ զինված միջադեպի մասին, մինչդեռ ադրբեջանական մամուլը հաղորդել է տվյալներ առնվազն 3 միջադեպերի վերաբերյալ:
” Ադրբեջանում ՊՆ զորամասերից մեկի պարենային ծառայության պետի օգնական, կապիտան Մուսաև Ջեյհուն Էլեդդին օղլուն և նույն զորամասի պարենային ծառայության պետ, փոխգնդապետ Փափախով Մուսա Շեհմիր օղլուն դատապարտվել են 3 տարի ազատազրկման՝ կաշառակերության համար:
-Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դեկտեմբերի 27-ին վավերացրել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի ժամկետի երկարաձգումը ևս հինգ տարով։ Պայմանագիրը կնքվել էր 2003-ին՝ 10 տարի ժամկետով։
Ռազմաշաբաթը նաև՝