Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում զինյալները գրոհել են նախագահի նստավայրը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում դեկտեմբերի 27-ին հետ է մղվել նախագահի նստավայրի վրա հարձակումը։ Հրաձգությունը, որի ընթացքում օգտագործվել են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, տևել է մի քանի ժամ։ Կառավարական ուժերին ի վերջո հաջողվել է կասեցնել երկրի նախագահ Միշել Ջոտոդիայի նստավայրի վրա իրականացված գրոհը։ Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը, այս մասին հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Գի Սիմպիլիս Կոդետեն։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն., լուսանկարը՝ «Associated Press» գործակալությանը

Կոդետեն նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, հարձակումը կազմակերպել են նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի քրիստոնյա կողմնակիցները։ Մեծապես քրիստոնյա բնակչություն ունեցող Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Ջոտիդան առաջին մուսուլման նախագահն է երկրի ողջ պատմության մեջ։

Չնայած ՄԱԿ-ի գործադրած ջանքերին՝ հանրապետությունում աֆրիկյան երկրների 4000 և ֆրանսիայի 1600 զինծառայողներին չի հաջողվում վերականգնել կարգուկանոնը։ Դեկտեմբերի 25-ին ապստամբների կողմից սպանվել էին ՄԱԿ-ի 6 խաղաղապահ։ Կորուստներ է կրում նաև ֆրանսիական բանակը, որի զինծառայողները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ մուտք էին գործել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար։

Հիշեցնենք, որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իրավիճակը լարված է վերջին ամիսների ընթացքում։ 2013-ի մարտին նախագահ Ֆրանսուա Բոզիզեն գահընկեց է արվել «Սելեկա» իսլամիստ զինյալների դրդմամբ, ինչի հետևանքով երկրում սկիզբ են առել զինված բախումներ քրիստոնյա և մուսուլման համայնքների միջև։

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ երկրում ծայր առած բախումների հետևանքով զոհվածների թիվը հասնում է մի քանի հազարի։ Առնվազն 81.000 մարդ ստիպված են եղել թողնել իրենց բնակության վայրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *