Լեհաստանի պաշտպանության նախարարությունը 2014-2015 թթ-ին նախատեսում է արդիականացնել ու «Օսա-Ռ» մակարդակի հասցնել սեփական սպառազինության 17 միավոր «Օսա-ԱԿ», «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր։
Նախարարությունը պայմանագիր է կնքել լեհաստանյան WZU (Wojskowe Zaklady Uzbrojenia – Վոյսկովե զակլադու ուզբրոյենիա) ընկերության հետ, որի համաձայն՝ համալիրներից 10 միավորը կարդիականացվեն 2014-ին, իսկ մյուս 7-ը՝ 2015-ին։ Պայմանագրի արժեքը դեռ չի հստակեցվում։
Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները Ստեփանակերտի ռազմական շքերթի վերջին փորձի ժամանակ
Ենթադրվում է, որ Լեհաստանի սպառազինության 64 «Օսա» համալիրներից այս խմբաքանակը վերջինն է, որ պիտի արդիականացվի։
Արդիականացման առաջին փուլով նախատեսված է մեքենաների վրա տեղադրել յուրային ու օտար տեխնիկան ճանաչող-տարբերող համակարգ, ինֆրակարմիր տեսախցիկ՝ հետևելու համար, լազերային հեռաչափ ու թվային չափիչ սարքեր և այլն։
Հնարավոր է, որ լինի նաև արդիականացումների երկրորդ փուլ, որի արդյունքում մեքենաների վրա կտեղադրվեն զենիթային կառավարվող հրթիռներ, կհանվեն հին սարքավորումները, կկրճատվի անձնակազմի թիվը, ու մեքենան կստանա սպառազինությունը հեռակառավարելու հնարավորություն։
Լեհաստանը նախատեսում է 9Կ33 «Օսա» համալիրները պահել սպառազինությունում մինչև 2026-ը, իսկ հետո փոխարինել դրանք սեփական արտադրության «Նարև» համալիրներով։
Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրը Ստեփանակերտի ռազմական շքերթի վերջին փորձի ժամանակ
«Օսա» խորհրդային զենիթահրթիռային համալիրները նախատեսված են զորային ՀՕՊ խնդիրների իրականացման համար։ Այն նախագծվել է 1960-ից սկսած, իսկ սպառազինության է ընդունվել 1971-ին։ Համակարգը զինված է 4 միավոր 9Մ33 հրթիռներով։ Արդիականացումներից Օսա-ԱԿ-ն զինված է 6 միավոր 9Մ33Մ2, իսկ Օսա-ԱԿՄ-ն՝ 6 միավոր 9Մ33Մ3 հրթիռներով։ Համալիրը ունի թիրախների հայտնաբերման սարքավորումներ, իսկ առավելագույն խոցման հեռավորությունը 10 կմ է։ Անձնակազմը 5 հոգի է։
6×6 ընթացամասով մեքենայի վրա դրված է 300 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով մեքենան խճուղում զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն, իսկ ծանծաղուտները հաղթահարում է լողալով 7-10 կմ/ժ արագությամբ։ «Օսա» զենիթահրթիռային համալիրն ընդգրկված է աշխարհի շուրջ 20 պետությունների զինված ուժերի սպառազինության մեջ։
Այն մասնակցել է նաև Արցախյան պատերազմին։