Ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցերնը դեկտեմբերի 26-ին Աստրախանի շրջանում տեղակայված Կապուստին Յար զորավարժարանում ՌԴ ՊՆ-ին է հանձնել Ս-400 զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) 2 գունդ։ Այսպիսով, ընթացիկ տարվա համար նախատեսված ԶՀՀ-ների պլանային բոլոր մատակարարումներն ավարտվեցին։ Այս մասին հաղորդում է ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։
Նախքան սպառազինության ընդունվելը Ս-400 զենիթահրթիռային համալիրները ենթարկվել են բազմակողմանի փորձարկումների։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ալմազ-Անթեյ կոնցերնի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսկորոդովը հայտարարեց, որ սկսած 2014 թվականից ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերին (ՀՕՊ) տարեկան կմատակարարվեն Ս-400 ԶՀՀ-ների 2-ից 3 գնդային կոմպլեկտ։ ՌԴ ԶՈւ սպառազինության համալրման պետական պլանի համաձայն, 2011-2020 թվականների ընթացքում նախատեսված է Ս-400 ԶՀՀ-ների գնդային 28 կոմպլեկտի գնում։ Դեկտեմբերի 26-ի համալրումից հետո, ընդհանուր առմամբ ՌԴ ԶՈւ ՀՕՊ շարքրերում արդեն իսկ առկա են Ս-400-ների 7 գունդ։
Առայժմ, նոր ստացված ԶՀՀ-ների տեղակայման ստույգ վայրը հայտնի չէ։ Նախորդ հինգ գնդերը կազմավորվել էին մերձմոսկովյան շրջանում, Բալթյան ծովի և խաղաղօվկիանոսյան նավատորմում, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգում։ ԶՀՀ 1 գնդի կազմում առկա է 2 դիվիզիոն՝ յուրաքանչյուրը 8 արձակման կայանով։
Նշենք, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրը նախատեսված է աերոդինամիկ և բալիստիկ թիրախների խոցման համար։ Համալիրը թիրախները հայտնաբերում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աէրոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա։