Այսօր հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մանվել Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչու է Ադրբեջանը Գաբալայի ՌՏԿ-ի համար նման խոշոր գումար պահանջում: Իրանը հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը ԱՄՆ-ի և արաբական երկրների կողմից զենքի մատակարարման մասին և պատրաստ է կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցը Փարչին:
- Այսօր Բրյուսելում` ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վերջինս նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար և ՆԱՏՕ-ն ու Հայաստանը շատ ընդհանուր քաղաքական առաջնահերթություններ ունեն:
- «Չի բացառվում, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարը շուրջ 40 անգամ ավելացնելու Ադրբեջանի ցանկությունը Ռուսաստանից ինչ-ինչ բաներ կորզելու նպատակ կամ նրա շահագրգռվածությունը ստուգելու միտում ունի»,- անդրադառնալով Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը 7 մլն դոլարից 300 մլն դոլարի հասցնելու Ադրբեջանի մտադրությանը` ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ժամանակը չէ, որ ռուսական զորքը պահելու համար Հայաստանն իր հերթին տարեկան վարձավճար պահանջի Ռուսաստանից, Մանվել Սարգսյանը պատասխանել է. «Դրա համար պետք է խորքային պատկերացում ունենալ, թե անվտանգության համակարգն ինչպես է կառուցված»:
- Ադրբեջանը համաձայնել է դիպուկահարներին հետ քաշել շփման գծից և ստեղծել միջադեպերի հետազոտման մեխանիզմ: Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ` իրենց տված հարցազրույցում հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նշենք, որ հայտարարությանը միանշանակ չի կարելի մոտենալ, առավել ևս հավատալ, որ Ադրբեջանը կգնա նման քայլի, որ նա դա դիտարկում է որպես ճնշման միջոց, որն իրականում որևէ արդյունքի մինչ օրս չի բերել:
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի Փարչին սպառազինության արտադրման կայանում «կասկածելի » գործողություններ են տեղի ունենում և իրենք պետք է խուզարկության շտապ թույլտվություն ստանան`Իրանի միջուկային ծրագրերը կանխելու համար: Ավելի ուշ Իրանը համաձայնել է կազմակերպել նրանց այցը Փարչին:
- Իրանի արտգործնախարարի տեղակալ Հուսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ իրենք ունեն հստակ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք վկայում են Սիրիայի սահմանամերձ քաղաքներ մատակարարվող տասնյակ հազարավոր միավոր զենքի եւ վարձկանների մասին: Որպես մատակարարման աղբյուր նշվում են ԱՄՆ-ն և արաբական որոշ երկրներ:
- ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ցզեչին հայտարարել է, թե իրենք չեն ցանկանում, որ Մերձավոր Արևելքում որևէ երկիր, այդ թվում Իրանը, միջուկային սպառազինություն մշակի, բայց և կարծում են, որ ցանկացած երկիր իրավունք ունի` համապատասխան պարտավորությունները հարգելու հիմունքներով օգտագործելու խաղաղ ատոմ:
- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռ չի որոշել հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին, թե ոչ:
- Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ՌԴ-ն Չինաստանին կվաճառի 48 բազմաֆունկցիոնալ «ՍՈւ-35» տիպի կործանիչեր: Սակայն մինչ այց Մոսկվան մեկ սկզբունքային հարց է առաջ քաշել` Պեկինը պետք է հրաժարվի ռուսական ինքնաթիռների պատճենման պրակտիկայից: