Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանն ինքնահրկիզման փորձ է կատարել

Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովը Բաքվի Սաբայիլի շրջանում բենզին է լցրել իր վրա, ապա ինքնահրկիզման փորձ կատարել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Լուսանկար՝ վետերանի ինքնահրկիզման վայրից

Լուսանկար՝ վետերանի ինքնահրկիզման վայրից

Վետերանը լրագրողներին մանրամասնել է, որ փորձել է ինքնահրկիզվել Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, քանի որ այդ կառույցի ղեկավար Սաթթար Մեհբալիևը զրկել է իրեն իր սեփականությունից։

Հասանովը շեշտել է, որ 2010-ին իր սեփականություն հանդիսացող եկամուտի միակ աղբյուր օբյեկտը խլել են իր ձեռքից, իր բողոքները պարբերաբար անտեսվում են, ուստի այդ ծայրահեղ քայլով ցանկացել է լսելի դարձնել իր դժգոհությունը։

Նշենք, որ դեռևս ընթացիկ տարվա հուլիսի 1-15-ը Զաուր Հասանովը հացադուլ էր հայտարարել։ Հաղորդվում էր՝ հացադուլի պատճառն այն է, որ տեղական կառավարման մարմինները որոշում են կայացրել Հասանովին պատկանող թեյարանը (չայխանա) ապամոնտաժելու՝ համարելով այն ապօրինի կառույց, քանի որ կառուցված է արհմիությունների դաշնության տարածքում։ Նա դեռևս այդ ժամանակ սպառնացել էր՝ թեյարանն իրեն չվերադարձնելու դեպքում ինքնահրկիզում կկատարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *