«Յուրիյ Դոլգոռուկիյ» և «Ալեքսանդր Նեվսկիյ» (955 նախագծի) բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերը կընդգրկվեն Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի կազմում այս տարվա հունիս-հուլիս և դեկտեմբեր ամիսներին: Այս մասին armstass.su կայքին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչը:
1996թ. հիմք դրվեց գլխավոր` «Յուրիյ Դոլգոռուկիյ» նավին, իսկ 2004թ., 2006թ. և 2011թ.-ին սկսեցին կառուցվել երեք հարակից` «Ալեքսանդր Նեվսկիյ» (նկարում երևացողը), «Վլադիմիր Մոնոմախ» և «Սվյատիտել Նիկոլայ» նավերը: 2012թ. նավատորմի կազմում կընդգրկվի ոչ միայն գլխավոր և առաջին սերիական բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավը, այլև չորրորդ սերիական նավը:
2013-2015թթ.-ը ծրագրվում է ամեն տարի մեկով ավելացնել բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերի թիվը և մինչև 2020թ. ՌԾՆ ընդունել 8 նման սուզանավ: Նշենք, որ գլխավոր նավի շինարարությունն արժեցել է 23 մլրդ ռուբլի: Հարակից նավերի գինը զգալիորեն չի տարբերվում գլխավոր նավի շինարարության արժեքից:
Իսկ «Ռիա նովոստին»` հղում անելով ՌԴ կառավարությանը, գրում է, որ ներկայումս ՌԴ տարբեր նավաշինական ընկերություններ աշխատում են ավելի քան 40 ռազամական նավերի շինարարության վրա: Դրանք նախատեսվում են մոտ և հեռավոր ջրերում գործողություններ իրականացնելու համար: Նախորդ տարի բնագավառին հատկացվել է 85 մլն ռուբլի(2,8 մլն դոլար), 2012թ.-ին` ավելի քան 93 մլն ռուբլի(ավելի քան 3 մլն դոլար): ՌԴ պետծրագրով 2011-2020թթ. Ռազմածովային նավատորմի համալրման համար հատկացվելու է մոտ 4,7 տրիլիոն ռուբլի(ավելի քան 152 մլրդ դոլար):