Հարավային Սուդանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ջոնգլեյ նահանգում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի ռազմակայանի վրա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է բախումների հետևանքով մեծ թվով տուժածների, ինչպես նաև ՄԱԿ-ի ուժերը երկրում ավելացնելու մտադրության մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, տվյալներ է հաղորդել 2013-ին ՄԱԿ-ի կորուստների վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ անցած շաբաթ ՄԱԿ-ը Հարավային Սուդանում կորցրել է երկու զինծառայողի, մեկն էլ վիրավորվել է։ Սպանվել է նաև ՄԱԿ-ի Աշխատանքային միջազգային կազմակերպության աշխատակիցներից մեկը։ Դեկտեմբերի 24-ին հերթական հարձակման ժամանակ ՄԱԿ-ը գրանցել է ևս մեկ վիրավոր։ Այս մասին տեղեկանում են ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Եզրափակելով խոսքը՝ Բան Կի-Մունը կոչ է արել դադարեցնել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների և խաղաղ բնակիչների վրա։
Նշենք, որ ՄԱԿ-ը որոշում է ընդունել հավելյալ ուժեր ուղարկել Հարավային Սուդան։ Մասնավորապես, դեկտեմբերի 23-ին ընդունած բանաձևի համաձայն՝ Հարավային Սուդանում ՄԱԿ-ի 7 հազար զինծառայողներին միանալու են ևս 5.5 հազարը։ Բան Կի-Մունը հավելել է, որ բացի 12.5 հազար զինծառայողներից ՄԱԿ-ը, հաշվի առնելով երկրում քաղաքացիական պատերազմի նախանշանները, ուղարկելու է ոստիկանական ուժեր՝ մինչև 1323 հոգի։
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում բախումները սկսվել են դեկտեմբերի 16-ի գիշերը։ Արյունալի մարտեր են մղվում տարբեր ցեղային միավորումների՝ դինքայի ու նուերայի ներկայացուցիչների միջև, որոնք նպատակ ունեն զավթել իշխանությունը։ Ներկայիս նախագահ Սալվա Քիիրը՝ դինքա ցեղից, հայտարարել էր՝ երկրում պետական հեղաշրջման փորձ է կատարվել՝ մեղադրելով նախկին վարչապետ, նուերա ցեղը ներկայացնող Ռիեկա Մաշարային։ Ներկա դրությամբ Մաշարայի համախոհ զինյալները գրավել են երկրի հյուսիսային, նավթով հարուստ շրջանները։ Հարավային Սուդանի ներկայիս նախագահ Սալվա Քիիրը դեկտեմբերի 24-ին վկայել էր՝ կառավարական ուժերին հաջողվել է հետ գրավել Ջոնգլեյ նահանգի կենտրոն Բոր քաղաքը:
Հավելենք, որ մեկ շաբաթից ավել ընթացող բախումների պատճառով զոհվել է 600 հոգի, 35 հազար խաղաղ բնակիչ ռազմակայաններում պատսպարվելու թույլտվություն է խնդրել ՄԱԿ-ից։ Մինչ օրս ԱՄՆ ուժերին հաջողվել է տարհանել 380 ԱՄՆ և այլ երկրների 300 քաղաքացիների։
2011-ի հուլիսի 9-ին Սուդանը բաժանվել է երկու պետությունների։ Նավթով հարուստ Հարավային Սուդանը ստացել է Արևմուտքի աջակցությունը՝ արևմտյան նավթագազային ընկերությունների հետ համագործակցության դիմաց։ Իշխանությունը երկրում գոյատևում է հիմնականում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։