Սիրիայում զինյալները հարձակվել են քիմիական զենքի երկու օբյեկտների վրա

Սիրիայի իշխանությունները մեղադրում են զինյալների խմբավորումներին դեկտեմբերի 21-ին քիմիական զենքի երկու օբյեկտների վրա հարձակում իրականացնելու համար:

Սիրիա

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ  լրատվական գործակալությունը, Սիրիայի կառավարության պնդմամբ՝ զինյալները կանխամտածված ու ծրագրած, լայնամասշտաբ հարձակում են կատարել քիմիական զենքով պահեստների ուղղությամբ, որոնք տեղակայված էին Սիրիայի կենտրոնական հատվածում: Աղբյուրի վկայությամբ՝ հարձակումը չեզոքացվել է կառավարական ուժերի հաջող հակահարձակման միջոցով:

Մյուս հարձակումն իրականացվել է Դամասկոսի նահանգում: Հարձակվողների շարքում էին «ալ Նուսրայի ճակատ» և «Իսլամի բանակ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: Նրանք փորձել են հարձակումը սկսել մեծ քանակով ականներով պատված ավտոմեքենայի պայթեցմամբ, սակայն քիմիական օբյեկտը հսկող զինծառայողները նկատել են ավտոմեքենան ու պայթեցրել պարսպից բավականին հեռու: Հարձակման հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 28-ը վիրավորվել են:

Սիրիայի կառավարությունից հաղորդում են նաև, որ համանման հարձակումները շարունակվելու միտում ունեն, և զինյալները կանխամտածված են հարձակվում հենց քիմիական նյութերի պահեստների վրա:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ:

Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *