Հնդկաստանում հաջողությամբ փորձարկվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Հնդկաստանում հաջողությամբ ավարտվել են միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ օժտված Ագնի-3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները: Հրթիռի արձակումը կատարվել է Բենգալյան ծոցի Ուիլեր կղզուց: Ագնի-3 հրթիռի նախորդ փորձարկումն իրականացվել էր նույն կղզում՝ այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Իտառ-Տասս լրատվական գործակալությունը:

Ագնի սերիայի ՄԲՀ

Ագնի սերիայի ՄԲՀ

Ագնի սերիայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները (ՄԲՀ) նախագծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության «Կառավարվող հրթիռների նախագծման համալիր ծրագրի» շրջանակներում: Մինչ օրս Հնդկաստանն արդեն հաջողությամբ փորձարկել է Ագնի սերիայի 5 տարատեսակ ՄԲՀ-ներ:

Ագնի-1 ՄԲՀ-ն ի 12 մետրանոց բալիստիկ հրթիռ է, որը կարելի է արձակել շարժական արձակման կայաններից: Այն կարող է կրել մինչև մեկ տոննա զանգվածով միջուկային մարտագլխիկ:

Ագնի-2-ը պինդ վառելիքով գործող երկաստիճան հրթիռ է՝ 19 մ երկարությամբ: Նրա թռիչքի առավելագույն հեռավորությունը 2500 կմ է: Անջատվող գլխիկի զանգվածը՝ 1 տոննա:
Ագնի-3-ը 16,7 մետրանոց և 48,3 տոննա զանգված ունեցող երկաստիճան հրթիռ է: Այն կարող է մինչև 3000 կմ հեռավորության վրա հասցնել 1,5 տոննա զանգված ունեցող մարտագլխիկ:

Ագնի-4 ՄԲՀ-ի առաջին փորձարկումներն անցկացվել են 2010-ի դեկտեմբերին, սակայն կառավարման համակարգում ծագած խնդիրների պատճառով դրանք ունեցան անհաջող ավարտ: 2011-ի նոյեմբերին կայացավ Ագնի-4 ՄԲՀ-ի հաջող ավարտ ունեցող առաջին արձակումը, որից 20 րոպե անց հրթիռի մարտագլխիկը հասավ Բենգալյան ծոցի նշված վայր:

2012 թվականի ապրիլին Հնդկաստանն առաջին անգամ փորձարկեց Ագնի-5 ՄԲՀ-ն, որի թռիչքի երկարությունը կազմեց 5.000 կմ: ՄԲՀ-ն ունակ է կրել մինչև 1 տոննա զանգվածով միջուկային մարտագլխիկ:

Հավելենք, որ Հնդկաստանն իր միջուկային նախագծերին սկիզբ է դրել դեռևս չորս տասնամյակ առաջ: Միջուկային զենքի առաջին փորձարկումն անցկացվել է 1974 թվականի մայիսի 8-ին: Գործողությունը կրում էր «Ժպտացող Բուդդա» անվանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *