«Տորնադո-Գ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը բարեհաջող անցել է փորձարկումներն ու 2014-ին կարող է անցնել սերիական արտադրության։ Ներկայումս բանակցություններ են տարվում համակարգը ՌԴ զինված ուժերի սպառազինության մեջ ընդունելու համար, ինչի մասին նշել է համակարգերն արտադրող «Սպլավ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Տորնադո-Գ» համակարգը ԲՄ-21 «Գռադ» համակարգերի ներկա արդիականացումն է։ Շուրջ 50 տարի առաջ ստեղծված «Գռադի» նոր տարբերակն իր նախորդից հիմնականում տարբերվում է կրակի հեռավորությամբ ու ոչնչացման մակերեսի լայնությամբ, ինչպես նաև նշանառության ու նավիգացիոն համակարգերի կատարելագործմամբ ու ավտոմատացմամբ, ինչի հետևանքով համակարգը կարող է գործել լրիվ ինքնուրույն։
«Տորնադո-Գ» համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային մարտկոցների ու հրամանատարական կետերի ոչնչացման համար։ «Գռադի» 40 կմ հեռահարության փոխարեն նոր համակարգի հեռահարությունը հասցվել է մինչև 100 կմ-ի, կատարելագործված են նաև հրթիռները, որոնց համազարկը ոչնչացնում է շուրջ 1 հեկտար տարածություն։ Համակարգի սպառազինության մեջ մտնում են 40 միավոր 122 մմ չկառավարվող հրթիռներ։ Մինչ այս նշվում էր, որ լինելու են նաև «Տորնադո» համակարգի «Ու» և «Ս» տարբերակներ, որոնք պիտի սպառազինված լինեին համապատասխանաբար 220 ու 300 մմ հրթիռներով։