Ադրբեջանում զինծառայողների հուղարկավորության նոր կարգ են սահմանելու

Ադրբեջանում պատրաստվում են հատուկ կանոններ ընդունել զինծառայողների հուղարկավորության վերաբերյալ։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ իրենք այս հարցում հետևելու են Թուրքիայի զինված ուժերի օրինակին։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով սեփական ռազմական աղբյուրներին, հաղորդում է՝ նոր կանոններում արտացոլվելու են ծառայողական-մարտական հանձնարարություն կատարելիս զոհված զինծառայողների հուղարկավորության կարգի մանրամասները։ Ընդ որում, նախատեսվում է կայազորներում կազմավորել հատուկ ստորաբաժանումներ, որտեղ ընդգրկելու են նաև կին զինծառայողների։ Այս ստորաբաժանումները նոր կանոնների համաձայն արարողություն են իրականացնելու։

ԱՊԱ-ն մանրամասներ չի հաղորդում, նշված չեն նաև կանոնների՝ հաստատվելու և ուժի մեջ մտնելու ժամկետները, միայն շեշտված է՝ Ադրբեջանն այս հարցում հաշվի է առնելու Թուրքիայի օրինակը։

Նշենք, որ Թուրքիայում զինծառայողների հուղարկավորության ժամանակ մահացածի դագաղը պատում են Թուրքիայի դրոշի պատկերը կրող սավանով, արարողությունն իրականացնում են հատուկ ստորաբաժանումներ, արարողության մաս է կազմում նաև հանգուցյալին նվիրված աղոթքը։

Նկատենք նաև, որ Ադրբեջանում ներկա դրությամբ հատուկ սահմանված կանոններ չկան, մարտական ու ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դին հանձնում են ծնողներին, ՊՆ-ն չի մասնակցում վերջիններիս հուղարկավորությանը։

Դատելով համացանցային քննարկումներից՝ դեռևս 2004-ից Ադրբեջանում բարձրացվել է մարտական պայմաններում զոհված զինծառայողի հուղարկավորության հատուկ կարգի բացակայության խնդիրը։ Բացի այդ, դժգոհություններ էին հնչում հուղարկավորության կազմակերպման ու զոհվածների ընտանիքներին նյութական աջակցության հարցում պաշտպանության նախարարության պասիվության հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *