Հայկական զինուժի կորուստները 2013 թվականին

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորներ

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

ՄԱՐՏԱԿԱՆ

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ

Ընդհանուր

Հրադարի խախտում

Ականներ

Սպանություններ

Ինքնասպանություններ

Առողջական խնդիրներ

Դժբախտ պատահարներ

ՃՏՊ

Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ

Այլ

2011

36 *

2012

14

2

10

7

14

2

3

52

2013

6

1

5

6

3

5

3

1

30

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։

* Թարմացվել է  հայկական զինուժի 2011 թվականի կորուստների թիվը:

Ադրբեջանական ռազմական կորուստները՝ այստեղ։

3 responses to “Հայկական զինուժի կորուստները 2013 թվականին

  1. Pingback: Military casualties of Armenia and Azerbaijan in 2013 | The Armenian Observer Blog

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *