Իսրայելական Urban Aeronautics ընկերությունը սկսել է AirMule անունը կրող ուղղաձիգ թռիչք ու վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքի փորձարկումները: 2014-ին սարքն առավել լայնամասշտաբ փորձարկումներ է անցնելու:
Փորձարկման ընթացքում ԱԹՍ-ն կատարել է նախանշած ուղով թռիչքներ, ինքնակառավարվող ուղղաձիգ վերելք, վայրէջք մեկնարկի կետում: Թռիչքի ընթացքում ԱԹՍ-ի բարձրությունը կառավարվում էր երկու լազերային բարձրաչափերով, նավիգացիոն գործողություններն իրականացվում էին հիմնականում GPS համակարգերով:
Նշենք, որ թռիչքի ընթացքում մասնագետները ձայնագրել և ուսումնասիրել են AirMule-ի արձակած հնչյունները: Նրանք վկայում են՝ նոր ԱԹՍ-ն թռիչքի ժամանակ ավելի քիչ աղմուկ է հանում, քան մի քանի տիպի ուղղաթիռներ:
AirMule-ի թռիչքային զանգվածը 1.4 տոննա է, այն ունակ է տեղափոխել մինչև 635 կգ կշռող բեռ, բացել մինչև 180 կմ/ժ արագություն, օդում մնալ մինչև 5 ժամ, առավելագույն բարձրությունը 3.7 հազար մետր է: Սարքն արտադրվել է զինամթերք ու տարբեր նշանակության բեռներ տեղափոխելու, ինչպես նաև բժշկական տարհանման նպատակներով: Իսրայելի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հետաքրքրվում է AirMule-ի ձեռքբերմամբ:
2013-ի փետրվարի վերջին Urban Aeronautics ընկերությունը հայտարարել էր՝ մտադիր են AirMule-ի հիմքի վրա ստեղծել ավելի արագ նոր ԱԹՍ, որը կկարողանա բացել մինչև 250 հանգույց արագություն, ինչը բավական բարձր ցուցանիշ է։