«Ես առաջինը կսեղմեմ նրա ձեռքը, ով կստեղծի ավելի լավ ինքնաձիգ»…
Շուրջ 30 տարի առաջ Կալաշնիկովի հնչեցրած այս արտահայտությունը վերածվեց թևավոր խոսքի։ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հայտնի դարձավ, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքի 95-րդ տարում մահացել է հրաձգային զենքի աշխարհահռչակ կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը։ Նա հոսպիտալացվել էր նոյեմբերի 17-ին Ուդմուրտի ախտորոշիչ կլինիկայում։ Բժիշկները որևէ ստույգ տեղեկություն չէին հայտնել, սակայն նշել էին, որ լեգենդար կոնստրուկտորի վիճակը ծանր է։
Միխայիլ Կալաշնիկովը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 10-ին Ալթայում։ Դեռևս Կարմիր բանակում ծառայության տարիներին Կալաշնիկովը հանդես եկավ նորարարական մտքով։ Նա հայտնագործեց իներցիոն հաշվիչ՝ տանկի հրանոթի կատարած զարկերի փաստացի հաշվարկման համար։ 1941 թվականի սկզբին Կալաշնիկովն առաջին անգամ հանդիպեց Կիևյան հատուկ ռազմական օկրուգի հրամանատար Գեորգի Ժուկովին, ով պատանուն հանձնեց անվանական ժամացույց։
Հայրենական Մեծ Պատերազմը Կալաշնիկովը սկսեց տանկի հրամանատարի պաշտոնով։ 1941 թվականի հոկտեմբերին Բրյանսկի մատույցներում նրա տանկը խոցվեց գերմանական հրետանու կողմից։ Ինքը՝ Կալաշնիկովը, հոսպիտալացվեց և հենց հոսպիտալում սկսեց ատրճանակ-գնդացրի նախագծման աշխատանքները։
1945 թվականին Կալաշնիկովը մասնակցեց պետական մրցույթի, որի արդյունքում 1947-ին նրա ԱԿ-47 ինքնաձիգը երաշխավորվեց որպես Խորհրդային բանակի սպառազինության միավոր։
ԱԿ-47-ը շատ կարճ ժամանակում լավագույնս դրսևորեց իր առավելությունները մյուս ինքնաձիգերի նկատմամբ և արդեն 1949-ի սկզբին եղավ պետական կարգադրություն՝ Իժևսկի գործարանում ինքնաձիգի զանգվածային արտադրության և դրա՝ սպառազինության ընդունման վերաբերյալ։ Ինքնաձիգը ստացավ «7,62մմ Կալաշնիկովի ինքնաձիգ 1947 թվականի նմուշի (ԱԿ)» անվանումը:
Հետագա տարիներին նախագծվեցին ԱԿ-ի կատարելագործված մոդելները (ԱԿՄ, ԱԿ-74, ԱԿ-74Մ և այլ)։ Բացի ինքնաձիգից, առավել հայտնի են նաև Կալաշնիկովի նախագծած ձեռքի գնդացիրը (ՌՊԿ), գնդացիրը (ՊԿ) և տանկային գնդացիրը (ՊԿՏ)։
Ընդհանուր առմամբ, Կալաշնիկովի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել են մարտական զենքի ավելի քան հարյուր նմուշներ։ 1971 թվականին Տուլսկի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից առանց ատենախոսության պաշտպանության Միխայիլ Կալաշնիկովին շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։
Կալաշնիկովը սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է, ՌԴ հերոս։ 1999 թվականին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։