2013-ին ռազմական ոլորտի 5 կարևորագույն իրադարձություններն Ադրբեջանում

Ռազմինֆոն առանձնացրել է 2013 թվականին Ադրբեջանում ռազմական ոլորտին առնչվող 5 կարևորագույն իրադարձությունները։ Ներկայացնում ենք այն նշանակալից իրադարձությունները, որոնք գալիք տարում ռազմաքաղաքական բնագավառում զարգացման կամ փոփոխությունների միտում ունեն։

Պաշտպանության նոր նախարարի նշանակում և կադրային կտրուկ փոփոխություններ

Հոկտեմբերի 22-ին Իլհամ Ալիևի հրամանագրով 18 տարի որպես պաշտպանության նախարար պաշտոնավարող Սաֆար Աբիևը հեռացվել է պաշտոնից:

Փոխարենը Ադրբեջանի ներքին գործերի արդեն նախկին փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Զաքիր Ասքեր օղլու Հասանովը նշանակվել է պաշտպանության նոր նախարար:

Հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների նախօրեին և դրանցից հետո Սաֆար Աբիևի հեռացումը կանխատեսելի էր, սակայն Զաքիր Հասանովի թեկնածությունը չի քննարկվել, նախարարի պաշտոնում հավանական թեկնածուներից էր Շամխորի բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքփերովը։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Պաշտպանության նոր նախարարի նշանակման փաստը հիմնականում դրական արձագանքներ է գտել Ադրբեջանի քաղաքական, ռազմական ու փորձագիտական հարթակներում, սակայն կոնկրետ Հասանովի՝ որպես նոր նախարարի ընկալումները հակասական են։ Նոր նախարարի նշանակմանը դեմ խոսող փորձագետները նշում են վերջինիս՝ մարտական փորձառություն ու մեծ թվաքանակ ունեցող անձնակազմի հետ աշխատելու փորձ չունենալու հանգամանքը։

Կարծիքներ հնչեցին, որ Հասանովի ընտրությունը կապված է Նախիջևանյան կլանի կողմից վերջինիս նկատմամբ ցուցաբերվող աջակցությամբ և Վլադիմիր Պուտինի կատարած այցի արդյունքում ռուսամետ դիրքորոշմամբ նախարարի ընտրելու միտմամբ, բայց այս տեսակետները բավարար հիմքեր չունեն։ 
Հոկտեմբերի 24-ից ի վեր Զաքիր Հասանովը կադրային կտրուկ փոփոխություններ է սկսել։

Բաքվի զորահանդեսն ու դրա արձագանքները

Դեռևս մայիսի սկզբին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովը հայտարարել էր հունիսի 26-ին Բաքվում ռազմական շքերթ անցկացնելու մասին։ Այդ օրվանից ի վեր ադրբեջանական մամուլն այս հանգամանքը կիրառում էր որպես քարոզչական միջոց՝ ամենօրյա լրահոսում առանձին նյութերով անդրադառնալով, թե ինչ սպառազինություն է ցուցադրվելու «աննախադեպ զորահանդեսին»։ 

Հունիսի 15-ին համացանցում հայտնվում են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ի, «Մստա-Ս»-ի, «Տ-90»-ի, «ԲՄՊ-3»-ի լուսանկարներ, որոնք նախատեսված էին զորահանդեսին ցուցադրվելու համար և որոնք Ադրբեջանը գնել էր ՌԴ-ից։ 

Զորահանդեսի անցկացման նախորդ օրն արդեն, ադրբեջանցիները դժգոհում էին սոցցանցերում շքերթի պատճառով փակ փողոցներից, սպառազինությունը տեղափոխելիս կենտրոնական փողոցների ասֆալտի վնասումից և անվտանգության ուժերի ներկայացուցիչների անհարիր պահվածից։

Զորահանդեսը մեկնարկեց հունիսի 26-ին առավոտյան։ Ելույթ ունեցավ նախագահ Իլհամ Ալիևը՝ կրկին հիշատակելով հայերին և Հայաստանը, համեմատելով ռազմական բյուջեները։ Ալիևի այս խոսքերը 2008-ին ու 2009-ին ռազմական շքերթների ելույթների գրեթե նույնությամբ արված կրկնությունն են։ Զորահանդեսից ստացած ողջ տպավորությունն այն էր, որ ռազմական շքերթը կազմակերպված է ոչ թե հասարակ ժողովրդի, այլ վերնախավի համար։

Բացի այդ, ամիսներ առաջ խոստացված սպառազինության տեսակների մի մասի ցուցադրումն այդպես էլ չկայացավ։ 

Գրառումներից պարզվեց, որ ինքնաթիռների թռիչքն ու զորահանդեսի մեծ մասն իրականում ուղիղ եթերով չէր ցուցադրվել, ինչպես նախապես խոստացվել էր։

Հետաքրքիր է, որ ռազմական շքերթը թուրքական մամուլում քննարկումների ու մեկնաբանությունների առիթ գրեթե չէր տվել։ Հուսադրող չէր նաև ռուսական մամուլի և արևմտյան լրատվամիջոցների արձագանքը, որոնք կամ կարճ լուր էին տվել զորահանդեսի անցկացման վերաբերյալ կամ էլ առհասարակ անտեսել էին։

Ընտրություններից առաջ անցկացվող հունիսի 26-ի զորահանդեսը նպատակ ուներ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը, ստեղծել անպարտ բանակի պատրանք, բարձրացնել իշխանության վարկանիշն ու դերը ժողովրդի աչքում։ Թերևս նույն նպատակն ուներ նախագահական։

Ադրբեջանում ոչ մարտական կորուստների դեմ  2 ցույց՝  մեկ տարում

2012-ին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում գրանցվել էր 97 զոհ, ինքնասպանությունների թվով այն ամենամեծն էր վերջին 10 տարիների ընթացքում։ Այս հանգամանքը, նաև հունվարի 7-ին կասկածելի պայմաններում զոհված Ջեյհուն Գուբադովի մահվան պատճառի՝ ՊՆ-ի կողմից կոծկումը  հանգեցրին հունվարի 12-ին ԶՈւ ոչ մարտական կորուստների մեծ քանակի դեմ ուղղված բողոքի ցույցի։

Ցույցին մասնակցում էին մոտ 300 հոգի, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։ Ոստիկանները ձերբակալել էին 40 հոգու, որոնց մի մասին որոշ ժամանակ անց ազատ էին արձակել։

Ադրբեջանում դժգոհությունների ալիքը կարճատև ժամանակով չեզոքացվեց, երբ ՊՆ-ն վերջապես սկսեց հետաքննել Ջեյհուն Գուբադովի մահվան հանգամանքները։

Սակայն արդեն մարտի սկզբին բողոքի ալիքը կրկին գլուխ բարձրացրեց։ Այս անգամ պատճառը փետրվարի 28-ին պաշտոնական վարկածով իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից մահացած Սեյմուր Ալլահվերդիևն էր։ Ծնողները փաստել էին՝ նա իրականում մահացել է սուր իրով հասցված հարվածից։ ՊՆ-ն չէր մեկնաբանել միջադեպը։

Մարտի 9-ին Ստամբուլում և Բեռլինում, իսկ մարտի 10-ին՝ Նյու Յորքում ադրբեջանցի փախստականները բողոքի ցույց կազմակերպեցին՝ աջակցելով Բաքվի ցուցարարներին։

Ինչ վերաբերում է Բաքվի ցույցին,  ապա դրա մասնակիցների թիվը մի շարք աղբյուրներում տարբեր է ներկայացված. 500-3000 հոգի։

Համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին ցույցը։ Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները կոչ արեցին ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին։

Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին՝ օգոստոսի 18-ին, Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական խմբավորումները քաղաքապետարանի արտոնությամբ ցույց էին կազմակերպել։ Ցույցին պատրաստվել էին նաև  կասկածելի հանգամանքներում սպանված զինծառայողների մայրերը։ Զինվորների մայրերին բռնությամբ ոստիկանական մեքենաներով տեղափոխել էին ցույցի վայրից հեռու, իջեցրել մեքենայից ու հեռացել։

Նկատենք՝ ադրբեջանցիները ՊՆ-ի կամայականությունների ու ոչ մարտական կորուստների դեմ բողոքի ցույցերի կոչեր էին հնչում սոցցանցերում հուլիս-օգոստոսին, երբ միմյանց հաջորդեցին ոչ մարտական մահերը։  Դրանք չվերաճեցին մարդաշատ ցույցի՝ քաղաքական որևէ ուժի կողմից չուղղորդվելու պատճառով։

Այնուհանդերձ, հասարակական նման ակտիվությունը այս հարցում վկայում է՝ Ադրբեջանում ոչ մարտական կորուստներն իրոք խնդիր են։

Բովանդակային առումով այս ցույցերին մոտ էին Արցախյան պատերազմի ինքնահրկիզված վետերան Զաուր Հասանովի նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքի դեմ ցույցերը։

ԻրանԱդրբեջան հարաբերությունների ընդհանուր պատկերը 2013-ին

Անցնող տարվա իրադարձություններն ամենևին չնպաստեցին Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների բարելավմանը։

Իրան-Նախիջևան սահման

Իրան-Նախիջևան սահման

Իրանը հայտարարեց՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն իր զորամիավորումները տեղակայելու է Կասպից ծովում։ Eurasianet կայքն իր հերթին արձանագրեց՝ այս քայլն ուղղված է Ադրբեջանի դեմ։ 

Իրանում օգոստոսի 3-ին նախագահ ընտրվեց Հասան Ռոուհանին, որն Արևմուտքի հետ սկսեց վարել իր նախորդի համեմատ մեղմ քաղաքականություն։ Իրանագետի կարծիքով՝  Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի նոր մոտեցումը սպառնում է դուրս բերել Ադրբեջանին Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակից։ 

Ադրբեջանը փորձեց գնալ քննարկումների ուղիով. օգոստոսի 19-ից լուրեր տարածվեցին՝  Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահին Սուլթանովը մեկնելու է Իրան եռօրյա այցով՝ Իրանի ՌԾՈւ հրամանատարի հետ հանդիպելու։

Սակայն արդեն օգոստոսի 20-ին հայտնի դարձավ՝ այցը չի կայանալու, չնայած որ ադրբեջանական կողմը շարունակում էր պնդել՝ այցը ոչ թե չեղյալ է համարվել, այլ պարզապես հետաձգվել է։ Մինչև տարվա վերջ փաստորեն այցը չկայացավ։

Փոխարենը օգոստոսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևն ընդունել էր Իրանի դեսպանին՝ քննարկելու համար կողմերին հուզող հարցերը։

Սեպտեմբերի սկզբին Իրանը հայտարարեց՝ չի բացառվում, որ «որոշ երկրներ քայլեր ձեռնարկեն Կասպից ծովում իրավիճակը սրելու ուղղությամբ»։

Ադրբեջանի արձագանքը չուշացավ. Էլդար Սաբիրօղլուն հավաստիացրեց. «Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բնավ ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ»։

Սեպտեմբերին Ադրբեջան ժամանեց Իրանի պատվիրակությունը՝ սահմանային ոստիկանության հրամանատար Հուսեյն Զյուլֆուհարի գլխավորությամբ։ 

Այցն ուղեկցվեց սկանդալով.  Իրանի պատվիրակությունը  հրաժարվել էր այցելել Հեյդար Ալիևի գերեզման, ինչպես նաև այսպես կոչված «Շեհիդների ծառուղի»՝ առանց մեկնաբանելու իր քայլը։

Հոկտեմբեր-նոյեմբերին Իրան-Ադրբեջան հարաբերություններն ավելի սրվեցին. Ադրբեջանի սահմանապահները հոկտեմբերի 10-ին Յարդիմլիի անցակետում մահացու հրազենային վնասվածք էին հասցրել իրանցի սահմանախախտներից մեկին։ Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իրանի քաղաքացի Ֆեյզի Բահրամ Հասան օղլուին՝ մեղադրվելով  «Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչության պատրաստման գործում»։ Իրանի դեսպանն այս քայլը որակեց «իրանաֆոբիայի հերթական դրսևորում»։

Նոյեմբերի սկզբի միջադեպը առավել մեծ ազդեցություն ունեցավ երկու երկրների փոխհարաբերությունների վրա.ադրբեջանցի սահմանապահները, Իրանի վարկածով, կրակ էին բացել Ջուղայի անցակետին կից աշխատող իրանցի տրակտորավարների ուղղությամբ, Ադրբեջանի վարկածով՝ կրակն արձակվել էր Իրանի կողմից։ Նոյեմբերի 8-ին Իրանը փակեց Ադրբեջանի համար կենսական նշանակության Բիլյասուվարի ու Ջուղայի անցակետերը՝  շեշտելով, որ դա պատասխան քայլ է Ադրբեջանի կողմից մեկ այլ սահմանային անցակետի փակմանը։ 

Իրանն անցակետերը բացեց միայն նոյեմբերի 11-ին, այն էլ՝ միայն հետիոտների համար։ Անցակետերի բնականոն աշխատանքը վերականգնվեց նոյեմբերի կեսերին։

Դեկտեմբերի 1-ի սահմանային միջադեպի հետևանքով զոհվել է պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևը։ Իրանը լուրը չի հաստատել։

Կարող ենք եզրակացնել, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների այդ թվում ռազմաքաղաքական հարթակում շարունակում են լարված մնալ, ընդ որում բարելավման հեռանկարներ չեն նկատվում։

Ադրբեջանի՝ սպառազինության գնումներն ու տեղական արտադրությունը 2013-ին

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցում ուշագրավ տվյալներ կան Ադրբեջանի վերաբերյալ։

Այսպես, Ադրբեջանը Ռուսաստանից 2011-ին գնել է  91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա՝ ընդհանուր 220 մլն դոլար արժողությամբ։

2011-ին էլ կրկին ՌԴ-ից՝ 94 միավոր Տ-90Ս տանկ՝ ընդհանուր 320 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանագիր է կնքել նաև «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, 2Ս31 «Վենա» ինքնագնաց ականանետներ, համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ կայաններ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, ՏՈՌ-2ՄԷ զենիթահրթիռային համալիրներ  և «Սկորպիոն» ու «Սկորպիոն-Բ» տիպի զրահամեքենաներ գնելու շրջանակներում։ Դրանց մի մասը դեռևս չի տրամադրվել Ադրբեջանին։

2011-ին Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել է 36 միավոր Տ-155 «Ֆըրթընա»՝ ընդհանուր 200 մլն դոլար արժողությամբ, որոնց մատակարարումը նախատեսված է 2014-2015 թվականներին: Սակայն սա խնդրահարույց գործարք է, քանի որ Գերմանիան հրաժարվել է տրամադրել շարժիչները՝ Արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին սպառազինությամբ աջակցելն արգելող որոշմանը հետևելով։

Զեկույցում հիշատակվում են Ուկրաինայից գնված 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ վերանորոգող-տարհանող մեքենաները, Բելառուսում արդիականացված 27 միավոր Ս-125 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մատակարարած հանգույցներով Ադրբեջանում հավաքված 30-ական միավոր «Marauder» և «Matador» զրահամեքենաները։

Ադրբեջանը սպառազինության տեղական արտադրության մասին լուրերը մշտապես ներկայացնում է ուռճացված՝ կիրառելով քարոզչական նպատակներով։ Այս տարում ևս գրանցվեցին նմանատիպ դեպքեր։ Հաշվի առնելով, որ հաճախ լուսանկարները բացակայում են կամ անորակ են, աղբյուրը հիմնականում իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալությունն է՝ ներկա դրությամբ անհնար ենք համարում հավաստի տեղեկություններ տրամադրելը, ուստի կանդրադառնանք միայն իրականությանը մոտ հրապարակումներին։

Ռազմարդյունաբերության նախարար Յավել Ջամալովը հայտարարել էր 2013-ին 10 միավոր «Օրբիտեր-2Մ»  անօդաչու թռչող սարքեր արտադրելու մասին։ Իրականում դրանք Իսրայելի հետ համատեղ արտադրություն են, բացի այդ էլ իր իսկ նախանշած գրաֆիկից Ադրբեջանը հետ է մնացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *