Ճապոնական Schaft ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան Google կորպորացիային, դուրս է եկել Պենտագոնի անցկացրած DARPA Robotics Challenge (DRC) ռոբոտների մրցույթի եզրափակիչ։
Ինչպես հաղորդում է LiveScience լրատվակայքը, SCHAFT ռազմական ռոբոտը հավաքել է առավելագույն 32-ից 27 միավոր։
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 16 ռոբոտներ։ Ռոբոտները պետք է կատարեին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ավտոմեքենաներն ուղղորդեին նախանշած ուղերթով, անարգել անցնեին նշված տեղանքից, մաքրեին մուտքը փլվածքներից, բացեին 3 տիպի դուռ, փակեին մի քանի կափույրներ։
SCHAFT ռոբոտը լավագույն ցուցանիշներն է գրանցել։ Վերջինիս զանգվածը 95 կգ է, ունի երկու ձեռք, երկու ոտք, բարձրությունը 1.48 մ է, լայնությունը՝ 1.31 մ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է IHMC Robotics ընկերության ռոբոտը (20 միավոր), երրորդը՝ Tartan Rescue-ի ռոբոտը (18 միավոր)։
Մրցույթի եզրափակչում հայտնվել են 8 ռոբոտներ, որոնցից վատագույն արդյունքը Lockheed Martin ընկերության Trooper արտադրանքինն է։
Ակնկալվում է, որ եզրափակիչ մրցումները կկայանան 12-18 ամիս անց։
Նկատենք, որ Պենտագոնի այս մրցույթի գերնպատակն իր համար նոր տիպի ռոբոտի ստեղծումն է, որն ունակ կլինի բարդ խնդիրներ լուծել մարդու համար անհասանելի ու վտանգավոր տեղանքներում, օրինակ՝ համանման ռոբոտները կարող են կիրառվել միջուկային օբյեկտներում վթարների հետևանքները չեզոքացնելու համար։ Ծրագրվում է, որ ռոբոտը նաև կարողանա աստիճան մագլցել ու վարել տրանսպորտային միջոցներ, պարտադիր չէ՝ այն լինի ինքնակառավարվող, սակայն հեռակառավարման համակարգի առկայության դեպքում էլ պետք է այն հնարավորինս պարզ լինի։