«Ալ Կաիդան» ներողություն է խնդրել՝ ռազմական հոսպիտալը պայթեցնելու համար

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը ներողություն է խնդրել դեկտեմբերի 5-ին Եմենի մայրաքաղաք Սանայում ռազմական հոսպիտալում իրականացրած ահաբեկչության համար՝ պատրաստակամություն հայտնելով նյութապես աջակցելու զոհերի ընտանիքներին:

Եմենի ՊՆ մասնաշենքերը՝ դեկտեմբերի 5-ի ահաբեկչությունից հետո

Եմենի ՊՆ մասնաշենքերը՝ դեկտեմբերի 5-ի ահաբեկչությունից հետո

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, «Ալ Կաիդա»-ի եմենական ճյուղի առաջնորդ Քասսեմ ալ-Ռիմին հայտարարել է՝ ՊՆ-ին պատկանող բժշկական նշանակության շենքերին, այդ թվում՝ ռազմական հոսպիտալի շենքին ուղղված ահաբեկչությունը թյուրիմացություն էր, քանի որ իրենց թիրախը  «զինծառայողներն էին, ոչ թե հոսպիտալի աշխատակիցներն ու հիվանդները»: Ռիմիի խոսքերով՝ իրենց զինյալներին տրվել են հստակ ցուցումներ՝ ոչ մի դեպքում չմտնել հոսպիտալ, սակայն 9 ահաբեկիչներից մեկն այնուհանդերձ խախտել է պայմանավորվածությունը:

Ռիմին հավաստիացրել է՝ «Ալ Կաիդա»-ն պատրաստ է վճարել տուժածների բուժման ծախսերը, բոլոր  տուժած քաղաքացիական անձերին ու զոհվածների ընտանիքներին ցույց տալ նյութական աջակցություն:

Նշենք, որ «Ալ Կաիդա»-ն ՊՆ-ին պատկանող մի քանի կառույցների դեմ հարձակում էր իրականացրել դեկտեմբերի 5-ին, երբ մահապարտ ահաբեկիչը սկզբում ականապատ ավտոմեքենա էր պայթեցրել պարսպի մոտ, ապա զինծառայողների համազգեստ կրող զինյալները սկսել էին մարտի բռնվել անվտանգության աշխատակիցների հետ: Այս ընթացքում զինյալներից մեկը ներխուժել էր հոսպիտալ ու այնտեղ նռնակ պայթեցրել:

Ընդհանուր առմամբ, հարձակման զոհ էին դարձել 56 հոգի, այդ թվում՝ հոսպիտալի բուժքույրեր, օտարերկրացի բժիշկներ ու հիվանդներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *