Լիբիայում ահաբեկիչը պայթեցրել է ռազմական հենակետը. կան զոհեր

Մահապարտ ահաբեկիչը, որը կառավարում էր ականապատ ավտոմեքենան, դեկտեմբերի 22-ին պայթյուն է իրականացրել Լիբիայի Բենղազի քաղաքի ռազմակայաններից մեկի հենակետում:

«Անսար ալ-Շարիա» խմբավորման զինյալները

«Անսար ալ-Շարիա» խմբավորման զինյալները

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ոստիկանությունը կարողացել է դուրս բերել սպանվածներից յոթի դին, մնացներինը դեռևս դեպքի վայրում են:

Ըստ նույն աղբյուրի՝ սպանվածներից բոլորը զինծառայողներ են:

«Ռոյթերս» գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է 8 սպանվածների, 15 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բենղազիում զինված բախումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան 300 հոգի:

Մասնավորապես, դեկտեմբերի 20-ին անհայտ անձինք սպանել էին երկրի ռազմական հետախուզության ղեկավարին, իսկ դեկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել տեղի միջազգային դպրոցի ամերիկյան ուսուցչի սպանության մասին:

Հավելենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին Բենղազիում զորամիավորումների հրամանատարությունը հայտարարություն էր արել ուժերը մարտական պատրաստվածության բերելու վերաբերյալ: Պատճառն օրեր առաջ «Անսար ալ-Շարիա» զինյալների խմբավորման անդամների հետ բախումների պատճառով 5 զինծառայողի մահն էր:

«Անսար ալ-Շարիա»-ն կազմավորվել է նախկին ահաբեկիչներից ու զինյալներից 2011-ին Մուամար Քադաֆիի մահվանից հետո: Խմբավորմանը մեղադրում են 2012-ի սեպտեմբերին ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակվելու համար: Հարձակման հետևանքով մահացել է 4 ամերիկացի, այդ թվում՝ հյուպատոսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *