Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի 6 թիմեր դեկտեմբերի 22-ին մասնակցեցին Արցախյան պատերազմի հերոս, Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին։
Բացման արարողությանը ներկա էին Ազգալդյանի մարտական ընկերները՝ «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նորիկ Գալստյանն ու «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Հյուրերը մարզիկներին նվիրեցին Լեոնիդ Ազգալդյանին նվիրված «Սա Հայաստան է և վերջ» գրքերն ու համանուն տեսասկավառակներ, որտեղ ներկայացված են հերոսի մասին պատմող ֆիլմեր, վավերագրական կադրեր նրա հարցազրույցներից։
Նորիկ Գալստյանի խոսքով` երիտասարդ մարզիկները օրինակ պիտի վերցնեն Լեոնիդից, որը նույնպես ջրագնդորդ էր ու լողորդ, երկու մարզաձևերում էլ հաջողությունների էր հասել, բայց նրա հիմնական արժանիքը հայրենասիրությունն էր։
Ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյունաշյանն ավելացրեց, որ Ազգալդյանին նվիրված մրցաշար անցկացվում է արդեն երկրորդ տարին, ու միտք ունեն այն անցկացնել ամեն տարի նոյեմբերին՝ ազատամարտիկի ծննդյան օրը։ Կարեն Գյունաշյանի խոսքով` նման մրցաշարը ոչ թե հաղթողներ ու պարտվողներ որոշելն է, այլ երիտասարդների հայրենասիրական ոգին բարձրացնելը։