Երբ Տ-72-ի արդիականացումը նախընտրելի է Տ-90-ից

Ռուսաստանը Տ-90 տանկերն արտադրում է արտասահմանյան գնորդների համար, որոնցից մեկը նաև Ադրբեջանն է, իսկ սեփական զինված ուժերի կարիքների համար նախընտրում է արդիականացնել փորձված Տ-72-ները, որոնցից առկա են նաև Հայաստանի սպառազինությունում։

Ռուսաստանի ԶՈւ-ն դեկտեմբերի 18-ին ստացել է տանկերի հերթական խմբաքանակը, որի մեջ մտնում են շուրջ 100 միավոր Տ-72Բ3 տանկեր։ Մինչ այդ՝ 2013-ի սեպտեմբերին, ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգին մատակարարվել են 150 միավոր Տ-72Բ3 տանկեր։ Դրանից հետո՝ 2013-ի հոկտեմբերին, 150 միավոր Տ-72Բ3 տանկեր մատակարարվել են նաև կենտրոնական ռազմական օկրուգին, իսկ արևելյան ռազմական օկրուգը մինչև 2013-ի ավարտը կստանա 50 միավոր Տ-72Բ1 տանկեր։ Այսպիսով ՌԴ ԶՈւ 4 ռազմական օկրուգներից 3-ին մատակարարվել են կամ մատակարարվելու են շուրջ 450 միավոր Տ-72Բ տանկերի նոր արդիականացումներ։ (Առհասարակ տարվա ընթացքում ռուսական զինված ուժերին մատակարարվել է շուրջ 1100 միավոր Տ-72 տանկ

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Համեմատելու համար նշենք, որ բրիտանական հեղինակավոր «Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» (IISS) տվյալների համաձայն՝ 2012-ի դրությամբ Ռուսաստանի սպառազինության մեջ եղել են շուրջ 1500 միավոր Տ-72Բ/ԲԱ տանկեր, 1000 միավոր Տ-80ԲՎ/Ու տանկեր ու մոտ 300 միավոր Տ-90/Տ-90Ա տանկեր։ Ստացվում է, որ նոր Տ-72Բ3 տանկերը զգալի թիվ են ներկայացնելու ՌԴ զինված ուժերում ու գերազանցելու են Տ-90-ների քանակը։

Հաշվի առնենք նաև, որ ՌԴ ԶՈւ-ն սպառազինությունից հանում է Տ-80-ները ու դրանցից պատրաստում տարբեր մեքենաներ։ Արդյունքում ռուսական տանկային սպառազինության հիմքը դառնալու են Տ-72Բ ընտանիքի արդիականացումները, ոչ թե Տ-90-ները, որոնք ներկայացվում են որպես նորագույն ռուսական տանկ։

Պատճառն այն է, որ ՌԴ զինված ուժերում Տ-90 տանկից հրաժարվել են։ Դեռևս 2011-ին ՌԴ ԶՈւ-ի այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական զինված ուժերը այլևս չեն գնելու Տ-90 տանկեր, քանի որ դրանք ծախսատար են, իսկ Տ-72 տանկերը դրանց մակարդակին հասցնելը 3-4 անգամ ավելի էժան է, քան հենց Տ-90-ներ արտադրելը։ Փաստորեն Տ-90-ները մնացել են որպես արտահանման տարբերակ ու հետագայում արտահանվել են Ուգանդա (44 միավոր), Թուրքմենստան (30 տանկ), Ալժիր (120 տանկ)։ 94 միավոր Տ-90 տանկեր գնել է նաև Ադրբեջանը։

Այսպիսով՝ ռուսական զինված ուժերի ընտրությունը կանգնեց Տ-72Բ տանկերի նոր արդիականացումների՝ Տ-72Բ1-ի ու Տ-72Բ3-ի վրա։ Տ-72Բ3-ները առաջին անգամ ներկայացվել են 2013-ի օգոստոսին՝ ՌԴ տանկային բիաթլոնի ժամանակ։ Դրանք նախագծվել են Տ-72 տանկերը մինչև Տ-90 տանկերի մակարդակի հասցնելու նպատակով։

Ըստ այդմ՝ Տ-72Բ3-ի վրա խնդիր էր դրված հասնել մի մակարդակի, որին հասել էր Տ-90-ը։ Սակայն միևնույն մակարդակին հասնելու համար Տ-72Բ տանկերի վրա աշխատանքի ծախսը շատ ավելի էժան է, քան Տ-90-ներինը։  Բացառվում են նաև տանկերի գնագոյացման տարբեր ձևերը, քանի որ և´ Տ-72Բ3, և´ Տ-90 տանկերն արտադրում է ռուսաստանյան պետական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը։ Ըստ այդմ՝ զինված ուժերը կարող են գնել երկու տանկերն էլ նույն պայմաններով։ Նախագծողների գործը հեշտանում էր նաև այնքանով, որ վերոնշյալ երկու տանկերն էլ, ըստ էության, խորհրդային Տ-72Բ ընտանիքի տանկերի արդիականացումներ են, ընդ որում, եթե Տ-90-ը (նախկինում՝ Տ-72ԲՈւ) դեռևս նախորդ դարի 90-ականների արդիականացում է, ապա Տ-72Բ3-ը միայն այս տարի է ներկայացվել հանրությանը։

Իսկ այն մասին, որ Տ-72Բ3-ը հասել է Տ-90-ի մակարդակին, հավաստում են նաև վերը նշված փաստերը, հակառակ դեպքում ռուսական կողմը հույսը չէր դնի դրանց վրա։ Ռուսաստանը, բացի այդ, շարունակում է արդիականացնել Տ-72-ը, ու դրա վառ վկայությունն է նաև Ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացված նորագույն արդիականացման Տ-72 ՏՈւՍԿ տանկը։ Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Տ-90 տանկերի գովերգումը ոչ այլ ինչ է, քան գովազդ՝ ուղղված արտասահմանյան գնորդին՝ այդ թվում նաև Ադրբեջանին։

Ամփոփելով կարող ենք ավելացնել, որ Տ-72 տանկեր ունեցող ցանկացած երկրի ու մասնավորապես Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ է արդիականացնել սեփական տանկերը, քան գնել Տ-90 տանկեր։

Եթե հավատանք ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» վերջերս հրապարակած տվյալներին, ապա Հայաստանը հենց այդպես էլ վարվել է, քանի որ հայկական ԶՈւ-ն սեփական տանկերի արդիականացման պայմանագիր է կնքել լեհաստանյան «Բումար Լաբեդի» ընկերության հետ։ Նշված պայմանագրով՝ հայկական մեկ միավոր Տ-72 տանկի արդիականացումը մինչև PT-72U մակարդակի, որը համարժեք է համարվում Տ-90 տանկերին, կարժենա շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար։

Իսկ եթե վերլուծական կենտրոնի տվյալները այնուամենայնիվ սխալ են, ապա տանկերը նման մակարդակի կարելի է արդիականացնել նաև Հայաստանի ռազմատեխնիկական գլխավոր գործընկեր Ռուսաստանում, քանի որ նույն Տ-72Բ3 մակարդակի կարելի է հասցնել նաև արդեն օգտագործված Տ-72-ները։ Ռուսական աղբյուրներից մեկն այս առիթով նշում է, որ բազային Տ-72Բ մոդելի տանկը մինչև Տ-72Բ3-ի մակարդակի հասցնելը կարող է արժենալ ոչ ավելի, քան 1,5 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ծախսի մոտ 50 տոկոսը կազմում է օգտագործված տանկի կապիտալ վերանորոգումը։

4 responses to “Երբ Տ-72-ի արդիականացումը նախընտրելի է Տ-90-ից

  1. Pingback: ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը | Ռազմ.info

Մեկնաբանել Ռազմ.ինֆոՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *