ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Մայքլ Քերին հեռացվել է՝ Ռուսաստանում 2013-ի հուլիսին գործուղման ժամանակ ոչ հարիր պահվածքի համար։ Նա չարաշահել է ոգելից խմիչքները, կոպտել ռուս պաշտոնակիցներին։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Քերին ՌԴ-ում շփումներ է ունեցել կանանց հետ։
Նշենք, որ գեներալին դեռևս հոկտեմբերին հեռացրել էին ԱՄՆ 20-րդ ռազմաօդային ստորաբաժանման հրամանատարի պաշտոնից։ Այդ ժամանակ պաշտոնապես հաղորդում էին՝ հեռացման պատճառը «գեներալի նկատմամբ վստահության կորուստն է», սակայն իրական պատճառների մասին լռում էին։
ԱՄՆ ՌՕՈւ-ի աղբյուրը հաղորդում է՝ գեներալի հեռացումը լիովին արդարեցված էր, քանի որ վերջինս գործ ունի միջուկային զենքի ասպարեզի հետ, ուստի վարքն ու պահելաձևը շատ կարևոր են։
Հիշեցնենք, որ Քերին ՌԴ էր ժամանել որպես ԱՄՆ պատվիրակության ղեկավար՝ ՌԴ միջուկային ուժերի վարժանքներին ներկա լինելու։
Հավելենք նաև, որ հոկտեմբերին ԱՄՆ-ում ոչ հարիր վարքի պատճառով հեռացրել են մեկ այլ բարձրաստիճան զինվորականի ևս՝ ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Ջարդինին։ Նրան կասկածում են Այովա նահանգի խաղատներից մեկում 1,5 հազար ԱՄՆ դոլարի խաղանիշ կեղծելու համար։ 1992-ից գործող կառույցի պատմության ընթացքում աննախադեպ երևույթ է ղեկավարի տեղակալի նմանձևով հեռացումը։ Նրա հեռացման հաստատումն անձամբ ստորագրել է նախագահ Բարաք Օբաման։