Թայվանի պաշտպանության նախարարությունն արգելել է վերջերս ԱՄՆ-ից ստացած AH-64E Apache ուղղաթիռների թռիչքները։ Պատճառը թռիչքների ժամանակ ի հայտ եկած թերություններն են, որոնք էլ նկատել են ամերիկացի զինծառայողներն ու տեղեկացրել Թայվանին։
Առաջիկայում թայվանական օդուժի AH-64E Apache ուղղաթիռները տեխզննում կանցնեն, որից հետո հնարավոր է ուղարկվեն վերանորոգման, որից հետո միայն շարունակեն թռիչքները։ Թե երբ Թայվանին տրամադրված ուղղաթիռները կկարողանան վերականգնել թռիչքները, դեռ հայտնի չէ, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։ Հայտնի չէ նաև, թե ինչ տեսակ անսարքություններ են հայտնաբերվել Ապաչներում։
Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «Ապաչ» ուղղաթիռների արդիականացված տարբերակների առաջին 6 միավորն այս տարվա նոյեմբերին։ Այդպիսով, AH-64E հարվածային ուղղաթիռը, որը մինչ այդ միայն ԱՄՆ-ի զինված ուժերում է, արդեն կա նաև թայվանական սպառազինությունում։
Թայվանն ընդհանուր առմամբ պատվիրել է 30 միավոր AH-64E։ Սպասվում է, որ երկրորդ խմբաքանակը կստացվի այս տարվա դեկտեմբերին, իսկ մինչ 2014 թվականի ավարտն ամերիկացիները կփոխանցեն մնացած ուղղաթիռները։
Արդիականացված Ապաչ ուղղաթիռների մատակարարումը մաս էր կազմում 2008 թվականին Թայվանի և ԱՄՆ-ի միջև կնքված 6.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական պայմանագրին, որով ամերիկյան կողմը Թայվանին է փոխանցելու ժամանակակից ռազմատեխնիկա։
AH-64E Apache հարվածային ուղղաթիռի արտադրությամբ զբաղվում է «Բոինգ» ընկերությունը։ Այն AH-64 ուղղաթիռների նորագույն արդիականացումն է։ Այս ուղղաթիռները ներկայում ընդգրկված են միայն ԱՄՆ-ի և Թայվանի զինված ուժերի կազմում։ Ամերիկյան բանակին մատակարարումը սկսվել է 2011 թվականին։ Մեկ միավորի մոտավոր գինը 22 մլն ամերիկյան դոլար է։ Առավելագույն արագությունը 365 կմ/ժ է, անձնակազմը 2 մարդ է։ Զինված է 30 մմ M230 թնդանոթով, «օդ-մակերևույթ» հրթիռներով, չկառավարվող ավիացիոն հրթիռներով և այլ սպառազինությամբ։