Պակիստանում սկիզբ է դրվել Thunder կործանիչների արտադրությանը

Պակիստանում 2013 թվականի դեկտեմբերի 18-ին սկիզբ է դրվել JF-17 Thunder կործանիչների Block II արդիականացված տարբերակի արտադրությանը։ Ինքնաթիռների հավաքումը կիրականացվի Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Pakistan Aeronautical Complex ձեռնարկությունում։

JF-17 կործանիչ

JF-17 կործանիչ

Այս մասին հաղորդում է Defense News ռազմական լրատվական կայքը։ Նախագծի ղեկավար, ավիացիայի փոխմարշալ Ջավաիդա Ահմադի խոսքերով`արդիականացված առաջին կործանիչը պատրաստ կլինի 2014 թվականի հունիսին։

Բլոք II-ի և բազային JF-17-ի միջև առկա են մի շարք տարբերություններ, մասնավորապես, արդիականացված տարբերակում կատարելագործված են բորտ էլեկտրոնային համակարգի սարքավորումները, առկա է օդում լիցքավորվելու հնարավորություն։ Արդիականացված տարբերակն ունակ է նաև իր վրա կրել ավելի մեծ ծավալով սպառազինություն։ Հաղորդվում է, որ արտադրության վերջնական կարգավորումից հետո, ձեռնարկությունը կհավաքի տարեկան 16-ից 25 կործանիչ, սակայն դեռ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարտական ինքնաթիռ կմատակարարվի Պակիստանի ռազմաօդային ուժերին։

Ակնկալվում է, որ արդիականացված կործանիչները նաև կարտահանվեն։  Ահմադի խոսքերով, JF-17-ի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել աֆրիկյան և կենտրոնասիական մի քանի երկրներ։ Մինչ այս, Պակիստանը Չինաստանի հետ համատեղ թողարկում էր Thunder Block I կործանիչներ։ Ընդհանուր առմամբ, պակիստանյան ձեռնարկություններում հավաքվել է այս տեսակի շուրջ 50 ինքնաթիռ։ Դրանցից վերջինը Պակիստանի ՌՕՈւ-ին է փոխանցվել այս տարվա դեկտեմբերի 18-ին։

Հավելենք, որ ներկա դրությամբ  Պակիստանը հանդիսանում է աշխարհում միակ պետությունը, որի սպառազինության կազմում առկա են Thunder կործանիչները։ Չինաստանում այս ինքնաթիռները կրում են FC-1 Xiaolong  անվանումը և նախատեսված են միայն արտահանման համար։ Ընդհանուր առմամբ, Պակիստանը ձեռք է բերել 150 միավոր JF-17 կործանիչ և մատակարարման ավարտից հետո մտադիր է ավելացնել պատվերը ևս 50 ինքնաթիռով։

Նշենք, որ JF-17-ն ունակ է մարտական առաջադրանքներ կատարել մինչև 1350 կմ հեռավորության վրա։ Կործանիչի առավելագույն արագությունը 1910 կմ/ժ է, թռիչքի առաստաղը կազմում է 15.240 մետր։ Սպառազինությունում առկա է 23 միլիմետրանոց 1 երկփողանի հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաև չկառավարվող հրթիռներ և ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *