Բրազիլիան ընտրել է Saab շվեդական ընկերության Gripen NG կործանիչը

Օրերս հայտնիէ դարձել, որ Բրազիլիային կործանիչներ ձեռք բերելու մրցույթը հաղթել է շվեդական Saab ընկերությունը։ Պայմանագրի արժեքը կազմելու է մոտ 4.5 մլրդ ԱՄՆ դոլար։

JAS 39 Gripen կործանիչ

JAS 39 Gripen կործանիչ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, մինչև 2023-ը Saab-ը պարտավորվելու է բրազիլական օդուժին տրամադրել 36 միավոր Gripen NG կործանիչներ։ Հավելյալ վճարի դիմաց էլ ընկերութունը կապահովի պահեստամասերի տրամադրում ու տեխնիկական սպասարկում։

Ինչպես հայտարարել է Բրազիլիայի պաշտպանության նախարար Սելմո Ամորիմը, մրցույթի շրջանակներում հաշվի են առել ոչ միայն տեխնիկական հատկանիշներն ու գինը, այլև տեխնոլոգիաների փոխանցման ու սպասարկման հնարավորությունները։ Ուստի, նրա խոսքերով, Saab-ի առաջարկն այս համատեքսում լավագույնն  էր։

Հիշեցնենք, որ Բրազիլիային նոր կործանիչներ տրամադրելու բանակցությունները տարվում էին շուրջ 10 տարի։ Ավարտական փուլում հաղթողի ամենահավանական թեկնածուն ամերիկյան Boeing-ն էր՝ իր F/A-18 կործանիչով։ Բացի դրանից, պայմանագրի համար պայքարում էր Dassault Aviation ընկերությունը՝ Rafale կործանիչով։ Փորձագետները կանխատեսում էին՝  պայքարը հիմնականում նշված երկուսի միջև է։

Այնուհանդերձ, ոչ պաշտոնական տվյալներով՝ Բրազիլիայի կառավարության կողմից Boeing-ի բացառումը հետևանք էր ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից ԱՄՆ գաղտնի ծառայությունների գործունեության փաստաթղթերի հրապարակման հետ։ Փաստաթղթերից մեկը վկայում էր՝ ԱՄՆ-ն հետախուզական գործողություններ է կատարել Բրազիլիայի նախագահի նկատմամբ։

Հավելենք, որ Gripen NG կամ Saab JAS 39 Gripen-ը չորրորդ սերնդի շվեդական բազմանպատակային կործանիչ է, առաջին թռիչքն իրականացրել է 1988-ին, 1997-ից հանձնվել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի շահագործմանը, 2011-ից կիրառվում է նաև Հունգարիայում, Չեխիայում, ՀԱՀ-ում, Թաիլանդում։ Ինքնաթիռի երկարությունը 14.1 մ է, բարձրությունը՝ 4.5 մ, թևի բացվածքը՝ 8.4 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 8500 կգ, մեծ բարձրության վրա առավելագույն արագությունը՝2200 կմ/ժ, կարող է կրել «օդ-օդ» ու «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ավիացիոն ռումբեր և այլ տեսակի սպառազինություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *