Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հեռացված է պաշտոնից։ Նախնական տվյալներով՝ նա հեռացման դիմում է գրել հոկտեմբերին, իսկ նրան հեռացնելու մասին հրամանագիրը դեկտեմբերի 2-ին ստորագրել է ՌԴ նախագահը։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը, հեռացման պատճառը Չիրկինին ուղղված մեղադրանքներ են կաշառակերությամբ զբաղվելու վերաբերյալ։ Մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն՝ կաշառակերության գործողությունները, որոնցում էլ մեղադրում են Չիրկինին, կատարվել են 2010-ի դեկտեմբերից մինչև 2012-ի ապրիլը, երբ վերջինս զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնը։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն իր հերթին տեղեկացնում է՝ Չիրկինը հաստատել է, որ հեռացվել է պաշտոնից, սակայն կտրականապես հերքել է, որ իրեն մեղադրում են կաշառակերության համար։
«Իրավապահ մարմինները որևէ հարց չունեն՝ կապված Կենտրոնական ռազմական օկրուգում իմ ծառայության հետ։ Ես իսկապես հեռացման դիմում եմ ներկայացրել հետաքննության անաչառ ընթացքը չխաթարելու նպատակով»,-ասել է Չիրկինը։
Այնուհանդերձ, ոչ պաշտոնական տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է, երբ ռազմական դատախազության ստուգումների հետևանքով երևան են եկել տվյալներ զինվորականներին պատկանող անշարժ գույքի ու հողատարածքների՝ շուկայական գնից զգալիորեն ցածր արժեքով վաճառելու դեպքեր։ Քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով, ապա հետաքննության հետագա ընթացքում Չիրկինին կասկածել են, որ կաշառքի դիմաց թույլտվություն էր տալիս ապօրինի գործարքներ կնքել։
2013-ի հոկտեմբերին Չիրկինի գործով հետաքննությունն ակտիվ փուլ է մտել։ Դիմում է ներկայացվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ մինչև հետաքննության ավարտը Չիրկինին պաշտոնից հեռացնելու մասին։ Դրանից հետո արդեն, ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, Շոյգուն հանձնարարել է Չիրկինին սեփական նախաձեռնությամբ հեռացման դիմում ներկայացնել։
Գործի հետաքննությունը ներկա դրությամբ ավարտական փուլում է։ Մոտ ժամանակներս Չիրկինին պաշտոնապես մեղադրանքներ կներկայացվեն։ Վերջինս մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում։