ՌԴ-ում վերականգնում են երկաթուղային հրթիռային համալիրների նախագծումը

ՌԴ Զինված ուժերի հրթիռային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը հայտարարել է, որ երկաթուղային մարտական հրթիռային համալիրների նախագծումը պլանավորվում է ավարտել մինչև 2020 թվականը։ Երկաթուղային հրթիռային համալիրի կազմում կլինի պինդ վառելիքով գործող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որի ստեղծման հիմքում կդրվի ՌՍ-24 «Յարս» հրթիռը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։

Նոր հրթիռի զանգվածը չպետք է գերազանցի 47 տոննան։ Կարակաևի խոսքերով, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը քողարկված կլինի 24 մետր երկարություն ունեցող սառնարան-վագոնի ներքո։ Բուն հրթիռի երկարությունը կազմելու է 22,5 մետր։ Արտաքնապես «սառնարան-վագոնը» ոչնչով չի տարբերվի սովորական վագոններից, իսկ երկաթուղին հնարավորություն կտա հրթիռը տեղաշարժել ցանկացած երթուղով։

Երկաթուղային հրթիռային նոր համալիրի նախագծմանը հիմք է դրվել ի պատասխան ԱՄՆ-ի գլոբալ արագ հարձակման նախագծին, որը ենթադրում է հակառակորդի օբյեկտների ոչնչացում աշխարհի ցանկացած կետում ոչ ավել քան երկու ժամվա ընթացքում։ Ավելի վաղ, ԱՄՆ-ի «կայծակնային հարվածի» ռազմավարությանը պատասխան քայլով հանդես գալու անհրաժեշտության մասին էր խոսել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Ռուսաստանում երկաթուղային հրթիռային համալիրների վերականգնման մասին կրկին սկսեց խոսվել 2012 թվականի վերջերին։ Համալիրի նախնական էսքիզային տարբերակի նախագծումը ենթադրվում է ավարտին հասցնել 2014 թվականի առաջին կեսին։ Նոր համալիրը փոխարինելու է գալու 15Պ961 «Մոլոդեց» համալիրին, որը ՌԴ ԶՈւ սպառազինությունում է եղել մինչև 2005 թվականը։ Ընդհանուր առմամբ, երկաթուղային ցանցով տեղաշարժվում էին նման 12 համալիր, որոնք կրում էին ՊՏ-23 ՈւՏՏԽ թվով 36 հրթիռ։

«Մոլոդեց»-ն իր կազմում ընդգրկում էր ԴՄ62 թվով 3 շոգեքարշ, 7 վագոնից բաղկացած հրամանատարական կետ, ցիստերն վագոն՝ վառելիքաքսուկային նյութերի պաշարների ապահովման համար և արձակման 3 կայան։ Արտաքնապես երկաթուղային ռազմավարական գնացքը գրեթե ոչնչով չի տարբերվում քաղաքացիական մարդատար և փոստային վագոններից կազմված գնացքից։ Բացառություն են կազմում միայն վագոնների երկարությունն ու անիվների սովորականից մեծ քանակը։

Երկաթուղային հրթիռային համալիրի ՊՏ-23 ՈւՏՏԽ հրթիռներն ի զորու են ոչնչացնել թիրախներ մինչև 10.000 կմ հեռավորության վրա։ Յուրաքանչյուր հրթիռի մարտագլխիկն օժտված է տաս մարտական բլոկերով՝ յուրաքանչյուրը 400 կիլոտոննա հզորությամբ։ Հրթիռի երկարությունը 22,6 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *