Հարավչինական ծովում ամերիկյան հածանավն ու չինական ավիակիրը բախումից են խուսափել

Օրերս Հարավչինական ծովում միջադեպ էր գրանցվել չինական ավիակրի և ամերիկյան հրթիռային հածանավի մեջ։ Դեկտեմբերի 18-ին լուրը հաստատել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։

Լյաոնին ավիակիր, Չինաստանի ՌԾՈւ

Լյաոնին ավիակիր, Չինաստանի ՌԾՈւ

Ըստ նախարարության հայտարարության՝ միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ չինական «Լյաոնինը» նավարկում էր բաց ծոցում: Պաշտոնական Պեկինը հայտարարել է նաև, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների հարաբերությունները նորմալ են և որոշ լրատվամիջոցներ չափազանցված և անստույգ տեղեկություններ են տարածել։

Ավելի վաղ չինական պետական The Global Times թերթը մեղադրել էր ԱՄՆ-ին լարվածություն ստեղծելու համար։ Թերթի հավաստմամբ՝ ամերիկյան հրթիռային հածանավը դիտավորյալ հետևել է չինական ավիակրին։

Հետաքրքիր է, որ  Հարավ-չինական ծովում միջադեպի մասին առաջինը հայտնել են ամերիկյան զինվորականները։ Նրանց տվյալներով՝  դեկտեմբերի 5-ին «Կոուպենս» հրթիռային հածանավը գրեթե բախվելիս է եղել չինական «Լյաոնին» ավիակրին։ ԱՄՆ  իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ  նավերը հազիվ խուսանավել են, որպեսզի խուսափեն  բախումից։

Հիշեցնենք, որ Չինաստանի «Լյաոնին» ավիակիրը նավի սարքավորումները ստուգելու համար նոյեմբերի վերջին դուրս է եկել Հարավ-չինական և Դեղին ծովերում երկարաժամկետ նավարկության։

Տեղեկացնենք, որ այս ավիակիրը սկսել են կառուցել 1985 թվականին Խորհրդային Միության նավատորմում։ 1992 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո այն բաժին հասավ Ուկրաինային։ Դրանից հետո 1998 թվականին նավի կառուցումը դադարեցվեց։ Հենց 1998 թվականի ապրիլին Չինաստանը որպես մետաղական ջարդոն 20 մլն ԱՄՆ դոլարով գնեց նավը։ Այդ ժամանակ նավը հայտնի էր «Վարյագ» անունով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *