«Լավագույն տղերքը ծառայում են» սոցիալական հոլովակը վերջերս մեծ արձագանք գտավ համացանցում։ Ռազմինֆոն զրուցել է հոլովակի հեղինակ Արշակ Զաքարյանի հետ։
—Ինչպե՞ս որոշեցիք բանակի դերը բարձրացնող հոլովակներ ստեղծել։
Հազարամյակների մեր պատմության դասերից մեր Հայրենիքի գոյատևման միակ գրավականը հզոր բանակի առկայությունն է, մեր աշխարհագրական դիրքը, ցավոք, այնպիսին է, որ առանց հզոր բանակի մենք կկործանվենք:
—Հոլովակի ստեղծման համար ո՞րն է ամենակարևոր նախապայմանը։ Ինչո՞վ եք առաջնորդվում։
Առաջնայինը մեր տղաների մեջ իրենց մանկական երազանքները արթնացնելով, այսպես ասած, «թասիբի գցելով» ստիպել, որ նրանք ուրիշ աչքով նայեն բանակային ծառայությանը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համարյա բոլոր տղա երեխաները փոքր ժամանակ երազում են զինվոր լինել, ինչի վառ ապացույցը նրանց փայտերով կռիվ-կռիվ խաղալն է կամ պառկացրած աթոռը որպես տանկ կամ ինքնաթիռ քշելը: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ գալիս է այդ երազանքը իրականացնելու հնարավորության ժամանակը, նրանցից շատերը խուսափում են իսկական ինքնաձիգ կրելուց կամ տանկ քշելուց:
—Հոլովակներից ինչ”որ մեկի ստեղծման հիմքում կա՞ հետաքրքիր նախապատմություն կամ դեպք։
Ալեքսանդրը՝ որդիս, ով ամբողջ օրը երևակայական մարտական ինքնաթիռ էր քշում, ինձ իր խաղով հուշեց «Թռիչք» հոլովակի սյուժեն, որտեղ էլ հենց նա խաղում է արդեն որպես դերասան:
—Յուրաքանչյուր հոլովակի վերջում Զինված ուժերի տարբերանշանն է հայտնվում։ Որևէ՞ համագործակցություն ունեք Զինված ուժերի հետ։
Ո´չ, ՊՆ-ի կամ զինված ուժերի հետ չենք համագործակցում։ Միայն վերջին «Լավագույն տղերքը ծառայում են» հոլովակի ժամանակ պաշտպանության նախարարի կարգադրությամբ նախարարության տանկային զորամասերից մեկն է մեզ աջակցել, հնարավորություն է տրվել երկու օր Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տանը գիշերել ու սնվել, ինչպես նաև պաշտպանության նախարարությունից որպես անհատ օգնել են երկու անձնավորություն՝ տրամադրելով իրենց անձնական գումարները տեխնիկայի համար։
—Ամերիկյան կամ ռուսական բանակի նմանատիպ հոլովակները պատվիրվում են «վերևից», մեզ մոտ կա՞ որևէ քաղաքականություն, ռազմավարություն։
Ո´չ, բայց լավ կլիներ, որ լիներ, դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Եթե կարծում եք՝ ամերիկյան բանակը «հաց ու պանիր ուտել է», ապա շատ սխալված կլինեք։ Այո´, բանակը պետք է գովազդվի ամենաբարձր մակարդակով:
—Այս հոլովակներից հետո ՊՆ”ից համագործակցության համար առաջարկներ չկա՞ն։
Ոչ, չկան, բայց չի բացառվում, որ մի օր կլինեն։ Ես չեմ ստի՝ ասելով, որ նման հույս չենք փափագում, քանի որ շատ մեծ է ցանկությունս ամիսը գոնե մեկ հոլովակ մեր տղաների մասին նկարել, ում, կարելի է ասել, կյանքի հաշվին ես և դուք հանգիստ ապրում ենք մեր տաքուկ տներում:
—Պարզ է, որ թիրախային խումբը նախաբանակային տարիքի տղաներն ու զորակոչիկներն են։ Ի՞նչ եք կարծում, հոլովակներն ինչ”որ ազդեցություն ունենում են։ Դուք ինչպե՞ս եք կարողանում հետևել արձագանքներին։
Շատ մեծ ազդեցություն են ունենում, դուք ինքներդ կարող եք հետևել արձագանքներին և կտեսնեք ինչ մեծ ազդեցություն են ունենում: Հետևում եմ բոլոր գրված մեկնաբանություններին և անձնական նամակներով նույնպես գրողներ կան:
—Որևէ բան ստեղծելիս ֆինանսական կողմ ունենալը շատ կարևոր է։ Ինչպե՞ս եք ապահովում հոլովակների ստեղծման գումարը։
Ավելի լավ է լռեմ այդ մասին… Չենք ապահովում, ապահովելու դեպքում անմիջապես կնկատեք տեխնիկական ու որակական փոփոխություններ, եթե հիմա սյուժետային ուժեղ լինելու հաշվին անտեսվում են տեխնիկական թերությունները, ապա հնարավորության դեպքում շատ ավելի լավ գործեր կարող են լինել: Մինչ հիմա նկարած բոլոր հոլովակներն էլ շատ տեխնիկական թերություններ ունեն:
—Հոլովակների վրա աշխատող մարդկանց մասին մի փոքր կխոսեք։
Երիտասարդ խումբ է, հիմնականում մեր գրեթե բոլոր ֆիլմերի օպերատորը Դավիթ Հարությունյանն է, ում հարազատ եղբայրն այսօր ՊԲ զորամասերից մեկում մեր անդորրն է պաշտպանում։ Մոնտաժը Վիգեն Միքաելյանինն է, ով նույնպես ժամանակին ծառայել է Արցախում։ Նաև մեր տեխնիկական օգնականները, որ տարբեր են եղել, իրենց էնտուզիազմով մեզնից ոչ մեկին չեն զիջել՝ անշահախնդիր աշխատելով մեզ հավասար:
—Ինչ”որ բան ստեղծելիս միշտ ինչ”որ նպատակ, ցանկություն կա։ Ո՞րն է Ձեր նպատակը։
Նպատակը, որ մեր երիտասարդները բանակ գնան հաճույքով, իսկ ծնողները ճանապարհեն և դիմավորեն նրանց ողջ-առողջ ու հպարտությամբ։
—Այսպիսի հոլովակների դերի մասին ի՞նչ կասեք։
Թողնենք, որ հոլովակներն իրենք խոսեն իրենց մասին…
Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը
Նկարները Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից