ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է  հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով:

Ընդունելություն ՊՆ-ում

Ընդունելություն ՊՆ-ում

Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության և անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:

Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *