«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն ներկայացրել է 4 առաջարկ, որոնք, ամենայն հավանականությամբ, հասցեագրված են ՀՀ ՊՆ-ին: Վրաստանը երկարացրել է զինծառայության ժամկետը, իսկ այդ ընթացքում այդ երկրի նախագահը հայտարարում է սեփական զրահամեքենաների արտադրության մասին: Փորձագետները շարունակում են տեսակետ հայտնել, որ Ադրբեջանը լրտեսում է Իրանին և տեղեկություններ հաղորդում ԱՄՆ-ին ու Իսրայելին:
- Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-չինական ռազմական համագործակցությանը. «Արդյունավետորեն համագործակցում ենք ռազմական կրթության ոլորտում, հետաքրքիր էր նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Չինական WM-80 հրթիռային հեռահար համալիրը առաջին անգամ առաքվել է ՀՀ»: Փորձագետը նշել է, որ այսօր գոյություն ունեցող ամենահեռահար համազարկային կրակի ռեակտիվ համալիրը չինական արտադրության է:
- «Հայստանի Հելսինկյան կոմիտեն» հանդես է եկել 4 առաջարկով` 1. Ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացում ներառել հատուկ դասընթացներ մարդու իրավունքների, կոնֆլիկտոլոգիայի եւ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ: 2. Բանակում յուրաքանչյուր մահվան դեպքի կամ վատ վերաբերմունքի փաստով կատարել օբյեկտիվ քննություն: 3. Զինված ուժերում ստեղծել գաղտնապահական բողոքարկման մեխանիզմ: 4. Բանակի նկատմամբ սահմանել քաղաքացիական վերահսկողություն` ստեղծել բանակում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, որին կանդամակցեն իսկապես շահագրգիռ կազմակերպությունների փորձառու անձիք:
- Վրաստանում, օրենսդրական նոր ուղղումների համաձայն, 2012 թվականի գարնանային զորակոչից սկսած, Վրաստանում պարտադիր զինծառայության ժամկետը 12 ամսվա փոխարեն կազմելու է 15 ամիս: Հիշեցնենք, որ ավելի վաղ vz.ru կայքն անդրադարձել էր Վրաստանում 12 ամսյա զինծառայությունը 18 ամիս դարձնելուն, սակայն ավելի ուշ ժամկետն իջեցվել էր կրկին 12-ի: Բայց 12 ամիսը համարվել է ոչ արդյունավետ և Վրաստանի ՊՆ-ի նախաձեռնությամբ զինծառայության ժամկետը կազմում է 15 ամիս:
- Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է. «Առաջիկա օրերին մենք կփորձարկենք նաև մեր արտադրած ԱԹՍ-երը և հրետանային սարքերը: Վրաստանում արդեն իսկ սկսվել է սեփական զրահամեքենաների արտադրություն»: Հիշեցնենք, որ Razm.info-ն արդեն իսկ անդրադարձել է վրացական արտադրության սպառազինության «ծագմանը»:
- «Կուլիսների հետևում Ադրբեջանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մատակարարում է հետախուզական տվյալներ Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,- գրում է Հուդզոնի համալսարանի գիտաշխատող և World Politics Review-ի ավագ խմբագիր Ռիչարդ Վայցը:
- Պակիստանի Սենատի փոխնախագահ Միր Ջան Ջամալին Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանին առաջարկել է ստեղծել համատեղ ռազմական դաշինք: Նա կարծիք է հայտնել, որ Պակիստանի միջուկային զենքը եւ ադրբեջանական ռազմական ներուժը կարող են միմյանց լրացնել: Այս հայտարարությունն արժանացել է փորձագետների զարմանքին, քանի որ այդ երկու պետությունները բավական շատ հակասություններ ունեն և ավելի շատ հայտարարությունը «փուչիկ» է, քան իրական առաջարկ:
- Ապստամբների կողմն անցած Սիրիայի բանակի նախկին բրիգադային գեներալը հայտարարել է, թե Իրանը և «Հեզբոլլահը» ուղղակի և անուղղակի կերպով մասնակցում են Սիրիայի տարածքում ընթացող մարտերին՝ հանդես գալով կառավարական զորքերի կողմից:
- «Պատերազմը տարածաշրջանում տնտեսապես անշահավետ է ԱՄՆ-ի համար: Իրանը պետք է հասկանա դա և ընդառաջի համաշխարհային հանրությանը, մասնավորապես, պետք է ավելացնի իր միջուկային ծրագրի թափանցիկությունը»,- ասել է «Թուրքիա-Ասիա» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սուլեյման Շենսոյը:
Նշենք, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, որտեղ բախումները իշխանության և, այսպես կոչված, ընդդիմության միջև շարունակվում են, իսկ եվրոպական մի շարք երկրներ իրենց ներկայացուցիչներին և դեսպաններին հետ են կանչում Դամասկոսից: