Թուրքիան սիրիացի ապստամբներին 47 տոննա զենք ու զինամթերք է փոխանցել

Թուրքիան վերջին ամիսներին շուրջ 47 տոննա զենք ու զինամթերք է փոխանցել Սիրիայում պատերազմող զինյալների խմբավորումներին։
Նման տեղեկություն է հրապարակել թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի և Թուրքիայի վիճակագրական խորհրդի տվյալներին։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Ըստ այդ աղբյուրների՝ 2013 թվականի հունիս ամսից Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել 47 տոննա զենք և զինամթերք, որոնց հանձնվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին։

Ընդհանուր առմամբ, սիրիական կողմին փոխանցվել է շուրջ 1.5 մլն ամերիկյան դոլարի սպառազինություն։ Աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ տեսակի զենքեր ու զինամթերք է փոխանցվել սիրիական զինյալներին։

Թուրքիայի իշխանությունները թեև բացահայտ դեմ են հանդես գալիս Ասադի և նրա կողմնակիցների դեմ, սակայն հերքում են տեղեկությունները, թե սպառազինություն են տրամադրում զինյալներին։

Այնուամենայնիվ, բազում փաստեր ցույց են տալիս, որ Թուրքիան Սիրիայում պատերազմող զինյալներին տրամադրում է զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ, հանդերձանք, իսկ իր տարածքն օգտագործում է որպես մատակարարման կետ։

Պաշտոնական Անկարան Սիրիայում քաղաքացիական պատերազմի դեռ ամենասկզբից իր աջակցությունն է հայտնել Ասադի դեմ պայքարող ուժերին։ Լարված է իրավիճակը նաև թուրք-սիրիական սահմանին, որտեղ գրանցվում են փոխհրաձգության , երկկողմանի հրետակոծության դեպքեր, իսկ 2013-ի սեպտեմբերին թուրքերը կրակ էին արձակել սիրիական Մի-17 բեռնատար ուղղաթիռի վրա՝ վայր գցելով այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *