Սիրիայում կառավարական զորքերը դեկտեմբերի 16-ին գործողություններ են իրականացրել Հալեպի այն թաղամասերում, որոնք վերահսկվում են զինյալների տարբեր խմբավորումների կողմից։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապաշպան կազմակերպությանը, միջադեպի զոհերի շարքում են 28 կին ու երեխա, զոհերի թիվն այս պահի դրությամբ 76 է։
Համաձայն «Ռոյթերս» գործակալությանը՝ Սիրիայի զինյալները կոչ են արել թաղամասերի խաղաղ բնակիչներին հեռանալ, քանի որ առաջիկայում զինյալների խմբավորումները մտադիր են հակահարված հասցնել կառավարական զորքերին։
Նշենք, որ կառավարական օդուժը դեռևս դեկտեմբերի 15-ին հարվածներ է հասցրել զինյալների տեղակայման վայրերին։ Ավիահարվածների հետևանքով մի շարք կառույցներ են վնասվել, հրդեհվել են վարչական ու բնակելի օբյեկտներ։
Հավելենք, որ ներկա դրությամբ Հալեպի արևելյան ու կենտրոնական հատվածները զինյալների վերահսկողության ներքո են, մինչդեռ հյուսիսային ու հարավային թաղամասերում կառավարական ուժերին հաջողվել է պահպանել գերակայությունը։
Հալեպը Բաշար Ասադի կողմնակիցների ու վերջինիս դեմ զինյլալներիի և իսլամիստների տարբեր խմբավորումների արյունալի բախումների թատերաբեմ է դարձել դեռևս հակամարտության սկզբից՝ 2011-ի գարնանից ի վեր։
Սիրիայի հակամարտության զոհ են դարձել շուրջ 120 հազար հոգի, ավելի քան 1 մլն-ը դարձել է փախստական։